Բաժիններ՝

«Տաշիրը» բացել է 7-րդ հյուրանոցը և 23-րդ առևտրի կենտրոնը (լուսանկարներ)

Օրերս Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում տեղի է ունեցել «Յարոսլավլի 1000-ամյակի Սիթի պարկի» առաջին կառույցի` «SK Royal» հյուրանոցային համալիրի բացումը: Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբի իրականացրած այդ նախագծում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 50 մլն դոլար: 20 հազար քմ ընդհանուր մակերեսով «SK Royal» համալիրը գտնվում է Կոտորոսլ գետի ափամերձ, էկոլոգիապես մաքուր թաղամասերից մեկում, Յարոսլավլ քաղաքի պատմական կենտրոնի անմիջական հարևանությամբ: Հյուրանոցը բաղկացած է ժամանակակից 153 համարներից (93` «ստանդարտ», 30`«ստուդիա», 25` «լյուքս», 1`«նախագահական» և 4` «սուպերլյուքս»): Ներկայումս «SK Royal»-ը համապատասխանում է «4 աստղանի» հյուրանոցի չափանիշներին` ինչպես որ նախատեսված է եղել ներդրումային նախագծով: Սակայն նախատեսվում է առաջիկայում հյուրանոցը վերափոխել «5 աստղանի» չափանիշների: «SK Royal» հյուրանոցն ապահովել է 160 նոր աշխատատեղ: Բացի ժամանակակից սենյակներից, հյուրանոցում գործում է մարզասրահ, SPA-սրահ, 170 անձի համար նախատեսված ռեստորան, 2 կոնֆերանս-սրահ, ինչպես նաև բանակցությունների սենյակ` 10-15 հոգու համար: «Յարոսլավլի կենտրոնում տեղակայված նոր հյուրանոցային համալիրը, անշուշտ, պահանջված կլինի մեր հյուրերի կողմից: Այս կառույցը շատ օգտակար է նաև գործարար տուրիզմի համար, քանի որ Յարոսլավլում անց են կացվում տարբեր մակարդակի բազմաթիվ միջոցառումներ: Երկու կոնֆերանս-սրահներով «SK Royal»-ը դրանցից շատերի համար լավագույն վայրը կդառնա»,- հյուրանոցի բացման արարողության ժամանակ ասել է Յարոսլավլի շրջանի նահանգապետ Սերգեյ Յաստրեբովը: Ըստ ռուսական լրատվամիջոցների, «SK Royal»-ը «Տաշիր» ընկերությունների խմբի Յարոսլավլում գործող թվով 7-րդ հյուրանոցային համալիրն է, և երկրորդը` «SK Royal» ապրանքանիշով:

Իսկ օգոստոսի 4-ին Ռուսաստանի Օրյոլ քաղաքում բացվել է «Տաշիր» ընկերությունների խմբի կառուցած «ՌԻՈ» առևտրային-ժամանցային նոր կենտրոնը: Միայն բացման օրը կենտրոն է այցելել մոտ 80 հազար մարդ, որը կազմում է քաղաքի բնակչության մեկ քառորդը: Նախատեսվում է, որ նոր «ՌԻՈ»-ն օրական կունենա շուրջ 30 հազար այցելու: Առևտրի կենտրոնի բացման արարողության ժամանակ Օրյոլի նահանգապետ Ալեքսանդր Կոզլովն ասել է, որ «ՌԻՈ»-ն ապահովել է 1.5 հազար նոր աշխատատեղ: Առևտրի կենտրոնը զբաղեցնում է 40 հազար քմ տարածք և գտնվում է Մոսկվա-Օրյոլ մայրուղու հարևանությամբ: «ՌԻՈ»-ում տեղակայվել են ավելի քան 60 բրենդային խանութներ, սննդի սպասարկման լայն ցանց, այդ թվում` «Տաշիր Պիցան» և Մոսկվայում մեծ ճանաչում ունեցող «Comedy Cafe» ռեստորանը, որում ելույթ են ունենում համանուն ակումբի ռեզիդենտները: «Տաշիր» ընկերությունների խումբը հանդես է եկել որպես նախագծի ներդրող և խորհրդատու` նախագծի իրականացման բոլոր փուլերում կատարելով միասնական մարմնի դեր: «ՌԻՈ»-ի հիմնական վարձակալներ են դարձել «Նաշ» հիպերմարկետը, «Սնեժնայա Կորոլևան», կինոթատրոնների «Սինեմա Սթար» ցանցը, «Նաշ Դոմ» հիպերմարկետը և քաղաքում նախկինում չներկայացված «McDonalds»-ը»: Օրյոլի «ՌԻՈ» կենտրոնը դարձել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից կառուցված թվով 23-րդ՝ գործող և 15-րդ՝ «ՌԻՈ» ապրանքանիշով առևտրա-ժամանցային կենտրոնը: Այս նախագծում ներդրվել է, ընդհանուր առմամբ, 80 մլն դոլար:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս