
Հայասանում բնածին արատներով ծնված նորածինների աճի միտում կա

Հայաստանում թեև բնածին արատով երեխաների թիվն աճում է, այդուհանդերձ, Առողջապահության նախարարության (ԱՆ) մասնագետները հավաստիացնում են, որ ոչ թե բնածին արատներով նորածինների դեպքերն են շատացել, այլ` այդ արատների հայտնաբերման եղանակներն են Հայաստանի համար հասանելի դարձել:
ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի հավաստամամբ` բնածին արատով ծնվող երեխաների դեպքերի թվի որոշակի տատանում կա: Օրինակ` 1995 թվականին գրանցվել է նման 300 դեպք, իսկ 2000 թվականից բնածին արատներով ծնվող երեխաների թիվը դարձել է 600: Այնուամենայնիվ, վերջին տարիներին նման դեպքերի թիվը տատանվում է 600-ի սահմաններում:
«Վերջին երեք տարիներին մի փոքր շատացել են: Բայց, երբ այդ թվերը դարձնում ենք ցուցանիշներ` որպես այդպիսին մենք աճ չունենք արձանագրված, քանի որ ընդամենը 1-2 պրոմիլեով տատանվում են: Միայն վերջին երեք տարիներին բնածին արատով ծնվող երեխաների աճի միտում կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կ. Սարիբեկյանը: Նա նաև շեշտեց, որ Առողջապահության նախարարության ունեցած տվյալներով`այդ աճի հնարավոր կապը ախտորոշման բարելավմամբ է հիմնավորվում:
Եթե նախկինում կնոջ հղիության շրջանում երեխայի մոտ բնածին արատը հայտնաբերելը հնարավոր չէր, ապա այսօր բարելավված դիագնոստիկայի, զարգացած սարքավորումների, տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է դարձել հիվանդության ախտորոշումը: «Պատճառահետևանքային կապից հղում անել մենք այսօր դեռևս չենք կարող, որովհետև հետազոտություններ չունենք»:
Այդուհանդերձ, 2011 թվականի ընթացքում 1000 կենդանի ծնվածից 16.8 նորածիններ եղել են բնածին արատներով:
ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը հավաստիացնում է, որ Հայաստանում անոմալ, մուտանտային ծնունդներ չեն գրանցվել: