Հայկոն վոկալ-էստրադային ստուդիա է հիմնադրել

Սիրված երգիչ Հայկոն առանձնապես չի սիրում երևալ հեռուստաեթերներում, երևանյան շոու-բիզնեսային «տուսովկաներում»: Նոյեմբերին նա հանդես կգա մեծ մենահամերգով: Համերգն անցկացվելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է: Հայկոյի հետ մենք զրուցեցինք շոու-բիզնեսում տիրող իրավիճակի, իր ծրագրերի մասին:

Հայկո, ստեղծագործական այսքան տարիների ընթացքում երկրպագուների տարիքային փոփոխություն նկատո՞ւմ ես:

– Իհարկե, մի ժամանակ շատ էին դպրոցական բարձր տարիքի երեխաները, ովքեր լսում էին ինձ, սակայն որոշ ժամանակ անց նրանց շարքերն ընդլայնվեցին, նաև ավելի հասուն տարիքով երկրպագուներով համալրվեցին այդ շարքերը: Մի բան կարող եմ ասել, որ ես ունեմ շատ մեծ քանակությամբ երկրպագուներ, ովքեր լսել են ինձ` անկախ իրենց տարիքից, սիրել են և շարունակում են լսել և երկրպագել ինձ, ովքեր սպասում են իմ նոր գործերին: Ես դրանից ամենից շատ եմ ուրախանում, որովհետև կարծում եմ, որ որակյալ աշխատանք եմ կատարում և իմ խղճի առջև ես մաքուր եմ: Ամեն ինչ անում եմ, որպեսզի երկրպագուներս միշտ որակյալ երաժշտություն, լավ կատարում լսեն:

Այսպիսի կարծիք է վերջերս հնչել շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկի կողմից, որ հայ երգարվեստում հայտնվել են, այսպես ասած` «վիրուսներ», ովքեր գցում են տարիներ շարունակ մեծ աշխատանք տարած երգիչների անունը: Համաձա՞յն ես այս տեսակետի հետ:

Կարդացեք նաև

– Այսօր մենք բոլորս ապրում ենք ինֆորմացիոն աշխարհում, ինֆորմացիոն ժամանակաշրջանում, ամեն ինչ ազատ է, և բոլոր դռներն այսօր բաց են բոլորի առջև: Եթե ժամանակին մեզ համար դժվար էր մուտք գործել հեռուստատեսային աշխարհ, ապա այսօր նույն հարցը լուծվում է բավական հեշտությամբ` և՛ ֆինանսների միջոցով, և՛ ծանոթությունների միջոցով: Այդ երևույթը կա ամբողջ աշխարհում, միայն Հայաստանում չէ: Այսօր շոու-բիզնես մուտք գործելը դժվար չէ, իսկ այն արտիստները, ովքեր ուզում են որակյալ աշխատանք կատարել, չպետք է դիմեն նման քայլերի: Նրանք պետք է պարզապես իրենց գործով զբաղվեն, որակյալ աշխատանք ներկայացնեն երկրպագուներին: Մարդիկ կարողանում են տարանջատել որակյալն ու անորակը, լավ և վատ կատարումները: Չպետք է նման երևույթներին ուշադրություն դարձնել, պետք է պարզապես ստեղծագործական լուրջ աշխատանքով զբաղվել ու ազնիվ լինել ինքդ քո առջև, քո երկրպագուների առջև:

Բարձր տեխնոլոգիաների արագ զարգացումը, ինտերնետի հնարավորությունները ինչպիսի՞ վնասներ և օգուտներ բերեցին շոու-բիզնեսի ներկայացուցիչներին:

– Տեխնոլոգիաների, ինտերնետային այս ժամանակաշրջանը մեր կյանքում շատ բան փոխեց: Սոցիալական տարբեր ցանցերի, youtube-ի դերը շատ մեծ է ոչ միայն շոու-բիզնեսի ներկայացուցիչների ստեղծագործական գործընթացներում, ընդհանրապես` ամենօրյա կյանքում: Երաժշտական ասպարեզում youtube-ը մեծ դերակատարում ունի, քանի որ հենց դրա միջոցով են տեսնում նաև ռեյտինգային սահմանները: Պարզապես սա մեր կյանքն է, այդ ամենը մեր կյանքի անբաժանելի մաս են կազմում արդեն, և պետք է պայքարել, պետք է շատ աշխատել և որակյալ գործեր ներկայացնել: Կարծում եմ` ինտերնետի շնորհիվ մոտ ժամանակներս երաժշտական «ալբոմ» հասկացողությունը դուրս կգա ասպարեզից: Խնդիրներ են առաջացել երգերի, դրանց ձայնագրությունների հետ կապված: Ով` ինչ ցանկանա, այժմ կարող է ինտերնետից անվճար ներբեռնել` ցանկացած երգչի կատարում, ցանկացած համերգի տեսագրություն: Ձայնասկավառակների վաճառքի խնդիր է առաջանում: ԱՄՆ-ում, օրինակ, ես ունեմ իմ սիրելի խանութները, որտեղից միշտ ձայնասկավառակներ էի գնում: Բայց այսօր արդեն այդ խանութ-սրահներից շատերը փակվելու եզրին են կանգնած, որովհետև ձայնասկավառակները վատ են վաճառվում: Եթե ԱՄՆ-ում են սկսել փակվել այդ խանութները, որը շոու-բիզնեսի կենտրոններից մեկն է համարվում աշխարհում, ուրեմն ի՞նչ կարող ենք ասել այստեղի ձայնասկավառակների խանութների, առհասարակ` շուկայի մասին: Ալբոմների թողարկումն անիմաստ է դառնում: Ամեն ինչ տեղափոխվում է ինտերնետային աշխարհ:

– Տեղեկացանք, որ սկսել ես դասավանդել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Այդպե՞ս է:

– Այո, անցյալ տարի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում էստրադային բաժին բացվեց առաջին անգամ, որը ես եմ ղեկավարում: Նախկինում նման բաժին չէր եղել, որովհետև դպրոցը միշտ հավատարիմ էր իր դասական ոճին: Այս տարի Չայկովսկու անվան դպրոցին կից՝ նաև վոկալ-էստրադային ստուդիա է բացվելու, որի ընդունելությունը սկսվելու է սեպտեմբերից, և դռները բոլորի առջև բաց են, տարիքային սահմանափակում չկա: Մեր կարգախոսն է` «Երգում ենք, ինչպես աստղերը»:

Կպատմե՞ս քո ձայնագրման ստուդիայի գործունեության մասին:

– «H» ձայնագրման ստուդիան իմ կղզին է, ուր մուտք գործելով` ես կտրվում եմ աշխարհից, այնտեղ ինձ շատ լավ եմ զգում, քանի որ ստեղծագործական լավ միջավայր է, հրաշալի մթնոլորտ, հնչում է գեղեցիկ երաժշտություն: Ստուդիան արդեն գործում է երեք տարի, ձայնագրման են գալիս ոչ միայն տեղացի, նաև արտասահմանյան երգիչ-երգչուհիները: Նաև համագործակցել ենք որոշ ֆիլմարտադրողների հետ, որոնց համար ֆիլմերի soundtrack-եր եմ գրել:

– Նաև «Design Deluxe» ամսագրի համահիմնադիրն ես:

– Այո, հիմնադիրները ես և իմ ընկեր Գագա Ամատունին ենք, ով հիմա Երևանի գլխավոր դիզայներն է:

Հետևո՞ւմ ես հայկական հեռուստասերիալներին: Վերջերս ակցիաներ էին կազմակերպվում ընդդեմ այդ արտադրանքի: Տանը ունենալով փոքր երեխա, կարո՞ղ ես ասել` հայկական հեռուստաեթերում կա՞ ինչոր մի բան, որ կարող է որևէ լավ բան տալ երեխային, և հեռուստադիտողին` առհասարակ:

– Ես չեմ սիրում փնովել ուրիշների աշխատանքը: Բայց, կարծում եմ` ծնողները պետք է հետևեն և թույլ չտան նայել այնպիսի կադրեր, որոնք կվնասեն երեխայի դաստիարակությանը, որովհետև այսօր, բացի հեռուստատեսությունից, կա նաև ինտերնետ, իսկ ես սերիալներ չեմ դիտում: Սերիալ հասկացողությունը տարածված է ամբողջ աշխարհում, պարզապես պետք է նվազեցնել դրանցում ցուցադրվող բռնությունը, բայցև չպետք է մոռանալ, որ բռնության տեսարաններ կան աշխարհի բոլոր երկրների ֆիլմերում, սերիալներում, օրինակ` ամերիկյան ֆիլմերում շատ են նման դրվագները: Այնպես որ, դրանից անհնար է խուսափել, և դրանով չպետք է կարծիք կազմել ֆիլմի կամ սերիալի` լավ կամ վատ լինելու մասին, որակյալ կամ անորակ լինելու մասին:

– Մոտ ժամանակներս ի՞նչ նորություններ ես մատուցելու:

– Աշխատում եմ նոր ալբոմիս վրա, և պատրաստվում ենք նկարել նոր տեսահոլովակ, որի ռեժիսորն է լինելու Լուսինե Մարտիրոսյանը: Երգը կոչվում է «Ես սիրահարվել եմ»:

– Կոշիկի ճանաչված մոդելավորող Մամիկ Մալխասյանն ընդամենը օրեր առաջ քո կոշիկը քեզ հանձնեց: Հրաշալի կոշիկ էր, որի լուսանկարները 168.am կայքում տեղադրվեցին: Հարմա՞ր են, ոտքերդ հո չե՞ն սեղմում քայլելիս… (ծիծաղում ենք:- Մ.Մ.):

– Տեսե՞լ եք, նույնիսկ տեղադրե՞լ եք…

– Ոչ միայն մենք, բոլորն են արդեն տեսել…

– Ճիշտն ասած` դեռ չեմ հագել, բայց շատ գեղեցիկ է կարված, դեռ հիանում եմ Մամիկի կատարած աշխատանքով…

 

Տեսանյութեր

Լրահոս