
Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային օլիմպիադան` հոկտեմբերին

Հոկտեմբերի 4-ին Երևանում կանցկացվի միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային 7-րդ օլիմպիադան: Միջոցառումն առաջին անգամ անցկացվելու է Էլեկտրական և էլեկտրոնային սարքերի Ճարտարագիտական ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (TTTC) հետ համագործակցությամբ:
Այս մասին 168.am-ին տեղեկացնում են «Սինոփսիս Արմենիա» ընկերությունից:
Օլիմպիադայի նպատակն է` խթանել Հայաստանում և մասնակից երկրներում միկրոէլեկտրոնիկայի զարգացմանը՝ հայտնաբերելով և խրախուսելով տարածաշրջանի երիտասարդ և տաղանդավոր ճարտարագետներին, մեծացնելով երիտասարդ մասնագետների շրջանում միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը, բացահայտելով միկրոէլեկտրոնիկայի բնագավառում երիտասարդ մասնագետների գիտելիքների մակարդակը և ստեղծելով միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք: «Նախագծման և թեստավորման մարտահրավերներին ընդառաջ» թեմային համահունչ՝ օլիմպիադայի մասնակիցները կմրցեն հետևյալ բնագավառներում. թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:
Նշենք, որ Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան առաջին օլիմպիադան անցկացվել է 2006թ.՝ ընդգրկելով 82 մասնակցի: Այնուհետև միջոցառումը վերաճել է միջազգային մրցույթի՝ ընդգրկելով 349 մասնակիցների 12 երկրներից: