
Արթուր Ալեքսանյանն ու Հովհաննես Վարդերեսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար. Լոնդոն 2012

Արդեն տեղեկացրել ենք, որ մինչև 66 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի առաջին իսկ գոտեմարտում պարտվել է կորեացի Հյոնվու Կիմին: Քիչ առաջ կորեացին կիսաեզրափակչում պարտության մատնեց ֆրանսիացի Ստիվ Ժենոյին և դուրս եկավ եզրափակիչ, ինչը նշանակում է, որ Հովհաննեսն իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:
Բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ նաև մինչև 96 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը. քառորդ եզրափակչում մեր ըմբիշին հաղթած իրանցի Ղասեմ Ղոլամրեզա Ռեզային նույնպես դուրս եկավ եզրափակիչ: Իրանցին կիսաեզրափակչում պարտության մատնեց կուբացի Յունիոր Էստրադային:
Մեր հաջորդ մրցակիցների անունները և ժամերը հայտնի կդառնան մի քանի րոպեից։ Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը