100-300 դոլար` Facebook-ի ծածկագրի համար
ԱՄՆ Իլլինոյս նահանգի նահանգապետ Պեթ Քունին ստորագրել է մի օրենք, որը գործատուներին արգելում է աշխատակիցներից պահանջել սոցիալական ցանցերում իրենց անհատական էջերի ծածկագրերը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող այդ օրենքը կպաշտպանի ոչ միայն գործող աշխատակիցներին, այլև տարբեր թափուր աշխատատեղերի հավակնորդներին: Արգելքը խախտելու համար նախատեսված է տուգանք` 100-300 դոլարի սահմաններում, սակայն առաձնին դեպքերում տուգանքի չափն ավելի մեծ կարող է լինել: Օրենքը, սակայն, գործատուներին չի արգելում իրենց աշխատակիցների վերաբերյալ հրապարակային տեղեկություններ փնտրել սոցիալական ցանցերում, ինչպես նաև սահմանել սեփական կորպորատիվ կանոնները` ինտերնետից, սոցցանցերից և էկելտրոնային փոստից օգտվելու հարցում: Նշենք, որ Իլլինոյսը Մերիլենդից հետո դարձավ նման օրենք ունեցող՝ ԱՄՆ-ի երկրորդ նահանգը: Վաշինգթոն, Նյու-Ջերսի և Դելավեր նահանգները նույնպես քննարկում են նման օրենք ընդունելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ այս հարցը սկսեց լայնորեն քննարկվել այն բանից հետո, երբ այս տարվա մարտին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի երկու անդամներ սկսեցին հետաքրքրվել գործատուների կողմից իրենց աշխատակիցների Facebook-յան ծածկագրերը պահանջելու դեպքերով: Նրանք դիմեցին ԱՄՆ արդարադատության նախարարությանը և Աշխատանքի ընդունման ժամանակ իրավահավասարության պահպանման հարցերով զբաղվող Կոմիտեին` ճշտել գործատուների կողմից նման պահանջ ներկայացնելու օրինականությունը: