Ինչպես վերադարձնել «ինտերնետ փախած» ընթերցողներին
Ժամանցային «Time Out» պարբերականի լոնդոնյան տարբերակն այս տարվա աշնանից կբաժանվի անվճար: Ընդ որում, հրատարակության տպաքանակը կավելանա` 55 հազարից հասնելով 300 հազար օրինակի:
Ներկայումս ամեն շաբաթյա պարբերականի արժեքը կազմում է 3.25 ֆունտ ստերլինգ: Ըստ բրիտանական «The Guardian»-ի, այդպիսով «Time Out»-ը մեկնարկում է հրատարակության «վերածննդի եռամյա ծրագիրը». 2007 թվականից մինչև 2011թ. «Time Out» տպաքանակը կրճատվել է 30 հազարով, ինչը հրատարակության սեփականատերերը համարում են լուրջ սպառնալիք:
Պարբերականն անվճար տարածելու և տպաքանակն ավելացնելու միջոցով հրատարակիչները նախատեսում են բարձրացնել պարբերականում տեղադրվող գովազդի արժեքը:
«Time Out»-ի սեփականատերերը հաշվարկել են, որ թանկ գովազդի միջոցով կփոխատուցեն անվճար տարածման արդյունքում ստացված վնասները: Բացի այդ, ըստ այս մտահաղացման հեղինակների, անվճար «Time Out»-ը հնարավորություն կտա վերականգնել այն ընթերցողներին, որոնք վերջին շրջանում «փախել են ինտերնետ»:
Անվճար «Time Out»-ը տարածվելու է Լոնդոնի մետրոյի կայարաններում ու խոշոր ավտոկայարաններում` հատուկ այդ նպատակով աշխատանքի ընդունված մարդկանց կողմից:
Լոնդոնյան «Time Out»-ն առաջին անգամ լույս է տեսել 1968 թվականին` դառնալով «Time Out» խմբի առաջին հրատարակությունը: Ներկայումս այլ նյութերից բացի, քաղաքների զվարճանքի վայրերի հասցեներ պարունակող համանուն պարբերականներ լույս են տեսնում Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում: Սակայն անվճար հրատարակության ռեժիմը տարածվելու է միայն պարբերականի լոնդոնյան տարբերակի վրա: