«Ես կտրականապես դեմ եմ, որ Եվրասիական միության հարցը ժողովուրդը թողնի իշխանություններին»

Ասում է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը

 – Պարոն Մանուչարյան, ինչպե՞ս եք վերաբերվում Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը:

– Մի ֆունդամենտալ, համամոլորակային խնդիր կա, որի համատեքստում պետք է դիտել այս բոլոր խնդիրները, քանի որ մեզ թվում է, թե մենք յուրահատուկ ենք մեր խնդիրների մեջ, իսկ մյուսների մոտ ուրիշ է: Սակայն բանն այն է, որ ֆունդամենտալ առումով` մարդը չարիք է դարձել մոլորակի համար իր քաղաքակրթությամբ, իսկ մարդկության մեջ իշխում է այն, ինչ մենք անվանում ենք արևմտյան, ավելի ճիշտ` նյութապաշտ քաղաքակրթություն, որի մեջ մի կողմից՝ զարգացել են արտադրողական ուժերը, գիտությունը, կրթությունը, և այլն, սակայն այդ ամենն, ըստ էության, ծառայեցվում է մի բանի` սպառող, գիշատիչ մարդուն: Արդյունքում՝ քաղաքակրթությամբ ապրող մարդը լուծում  է մեկ խնդիր` առավելագույն հաճույք ստանալ, իսկ դրա համար նա պետք է առավելագույն հարստություն և իշխանություն կուտակի: Այս մոդելը ոչնչացնում է իրեն` մարդուն և մոլորակը: Կկարծեք, թե Դուք հարց տվեցիք Եվրասիական միության մասին, սակայն ես խոսում եմ այլ հարցերի մասին, բայց ֆունդամենտալ առումով` ամեն մի ընտրություն` ո՞ւր ենք գնում կամ ո՞ւր չենք գնում, պետք է լինի ընտրություն այս իմաստով: Այսինքն` եթե դուք ընտրում եք մոլորակ ոչնչացնող, նյութապաշտ, իշխանության և հաճույքների ձգտող մարդու քաղաքակրթությունը, հետևաբար՝ դուք մասնակցում եք և՛ մարդկության, և՛ մոլորակի ոչնչացմանը: Եթե հարց է տրվում Եվրասիայի մասին, այդ հարցի մեջ երկու միտք կա` այն պարզագույն տեսակը, որը թելադրել են ռուսական գիշատիչների շրջանակները`իշխող համակարգը, ինչն ուղղակի համաշխարհային գիշատիչների բանակում իրենց շրջանակը ստեղծելու իմաստն է կրում: Սակայն կա նաև մյուս իմաստը` արդյո՞ք այդ «Եվրասիական» առաջարկն իր մեջ նաև այլ մոդել է  պարունակում: Եթե դրա նպատակն այլ քաղաքակրթական մոդել, այլ աշխարհ ստեղծելն է, սա մի բան է, իսկ եթե միայն  համաշխարհային օլիգարխիայի, առաջին հերթին` անգլո-ամերիկյան ընկերակցությանը հակառակ մի բևեռ ստեղծելն է, դա լրիվ ուրիշ է: Մեր պատասխանը պետք է կախված լինի սրանից, թե այս տարբերակներից ո՞րն է մեզ առաջարկվում:

– Իսկ աշխարհաքաղաքական առումով` որքանո՞վ է Եվրասիական միությանն անդամակցությունը համապատասխանում Հայաստանի շահերին: Օրինակ` որոշ եվրոպական փորձագետներ կարծում են, թե Եվրասիական միությունը ՌԴ նախագահ Պուտինի երևակայությունն է, իսկ ՀՀ վարչապետը հայտարարել է, թե Եվրասիական միությունը մեզ ոչինչ չի տա:

Կարդացեք նաև

­– Այդ բոլոր հարցադրումները բխում են իմ առաջին դիտարկումից: Կա երկու հարթություն` աշխարհաքաղաքական հարթություն և քաղաքակրթական, որն ավելի բարձր է: Այսինքն` որո՞նք են այն արժեքները, որոնք դուք հետապնդում եք, ովքե՞ր են ձեր աստվածները: Արևմտյան քաղաքակրթության աստվածը փողն է և հաճույքը: Ինչ բառեր ուզում են` ասեն. դեմոկրատիա, ազատություն և այլն, ծառայում են դրան: Եվ բոլոր այս մարդիկ, ում Դուք թվարկեցիք` վարչապետեր, կուսակցապետեր` հայաստանյան, արտասահմանյան, ըստ էության, ասում են մի բան` իրենք զինվորն են մարդ-կենդանու աշխարհի: Այսօր գրեթե բոլոր երկրների` և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի իշխանությունները, կուսակցությունները, ինֆորմացիոն, ֆինանսական համակարգերը, արևմտյան քաղաքակրթության սպասավորն են: Անգամ նրանք, ովքեր ինչ-որ մի բանով դեմ են դրան, քաղաքակրթական իմաստով, օրինակ՝ ռուսական իշխանությունները, նույնպես այդ մոդելի շրջանակում են գործում:

– Իսկ ի՞նչ կասեք այն փաստի վերաբերյալ, որ Ռուսաստանի Պետդումայի նախագահը, ժամանելով Հայաստան և խոսելով Եվրասիական միության մասին, իր խոսքում նույնիսկ նշել է վերջնաժամկետ` Եվրասիական միությանը Հայաստանի միանալու համար: Սա արդյոք ճնշում չէ՞ ՀՀ իշխանությունների վրա:

– Ճնշումներ օգտագործում են աշխարհի բոլոր հզորները` փորձելով լուծել իրենց խնդիրները, և այդ տեսակետից կան բաժանումներ: Ինչպես ասացի, Ռուսաստանը շատ առումներով` իր իշխանությամբ, քաղաքական էլիտայով և այլն, գտնվում է արևմտյան քաղաքակրթության դաշտում: Նա նույնպիսի քաղաքական նպատակներ է հետապնդում, պարզապես ուզում է իր առավելություններն ունենալ, որ իր փայն ավելի լինի: Սակայն Ռուսաստանը նաև երկրորդ առաքելությունն ունի. որպես ամբողջականություն` նա իր փիլիսոփայությունն ունի և իր փիլիսոփայությամբ դեմ է այդ քաղաքակրթությանը: Ճիշտ է` նրա էլիտան ընդունել է այդ քաղաքակրթությունը և այդ վարակը տարածել է ժողովրդի մեջ, ինչպես և մենք ընդունեցինք: Սակայն, բոլոր դեպքերում, Ռուսաստանը փորձում է այդ վերցված արժեքների պայմաններում ուժեղ դառնալ և Եվրասիական միության գաղափարով իր շուրջն ուժեր հավաքել: Այստեղ երկու կարևոր գործոն կա. առաջինը` մենք երբեք չպետք է մոռանանք մեր անվտանգության հարցի մասին, Ռուսաստանն այսօր մեր անվտանգության էական մասի շատ կարևոր երաշխավորն է: Եվ մենք չպետք է այսօր կատարենք քայլեր, որոնք այդ անվտանգությունը հարցականի տակ կդնեն: Մենք տեսնում ենք, թե այսօրվա աշխարհում ինչ է կատարվում, թե ինչպես են երկրները հերթով ավերվում. Լիբիան ժողովրդավարացրեցին, իսկ հիմա այնտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում: Նույնը կարելի է ասել Սիրիայի վերաբերյալ. ՆԱՏՕ-ի նավատորմը մի կողմից է մոտենում Սիրիային, ռուս-չինական, իրանական նավատորմերը` մյուս կողմից: Սա դեմոկրատիայի համա՞ր է: Սրանք կրկին աշխարհաքաղաքական բախումներ են: Մենք պետք է հասկանանք մի բան` այսօրվա աշխարհում շատ կարևոր է անվտանգության երաշխավորումը, և գլոբալ անվտանգության մարտահրավերների դեպքում մենք ունենք մի պաշտպանող համակարգ` Ռուսաստանի հետ ստեղծված կոլեկտիվ և երկկողմ անվտանգության համակարգերը: Իհարկե, կա մեկ տարբերակ, եթե մենք լինենք կատարյալ և կարողանանք այնքան խելացի ու հզոր լինել, որ ինքնուրույն ապահովենք մեր անվտանգությունը: Դա հնարավոր է, սակայն հեքիաթայինին մոտ` զուտ մեկ պատճառով, որովհետև մենք մեզ չենք կարող ստիպել խոզ չլինել, մենք պետք է պարտադիր խոզ լինենք, մենք պետք է հափշտակենք, խաբենք, խփենք իրար, փախչենք երկրից, և այլն: Եթե մենք անցնեինք մեր նորմալ վիճակին, ինչպես ղարաբաղյան շարժման ժամանակ էր, բայց ավելի կատարյալ, այսինքն` զարգացնեինք մեր ձեռքբերումը, ոչ թե ձեռքից բաց թողնեինք, մենք այսօր ի ի վիճակի կլինեինք շատ հարցերում ինքնուրույն լինել, իսկ որ հարցերում չկարողանայինք, այդ դեպքում ընտրեինք ավելի «նուրբ» անվտանգության համակարգը: Բայց, ամեն դեպքում,  այսօրվա իրական աշխարհում անվտանգության տեսակետից մենք պետք է լինենք զգույշ. եթե Ռուսաստանը մեզ առաջարկներ է անում, և մենք մերժում ենք կամ խմբագրում ենք, պետք է զգույշ լինենք, որպեսզի մեր անվտանգության համակարգին վտանգ չհասցնենք:

Իսկ Եվրասիական միության վերաբերյալ երկրորդ խնդիրը հետևյալն է. մենք ժողովուրդներով պետք է թելադրենք հայաստանյան, ռուսաստանյան և ցանկացած այլ քաղաքական էլիտաներին այդ միության օրակարգը: Եվրասիական միության օրակարգի առաջին հարցը ոչ թե՝ տնտեսական դաշինք ստեղծելը, այլ նոր կյանք, նոր քաղաքակրթական մոդել ձևավորելը պետք է լինի, թե մենք ինչպես ենք ուզում ապրել: Այս չափանիշներով ապրելը սխալ է, մենք պետք է գտնենք այլ չափանիշներ: Ընդ որում, ոչ միայն սխալ են Հայաստանի չափանիշները, այլև արևմտյանը: Մեր գողերը, օրինակ, օլիգարխների կամ պետական պաշտոնյայի տեսքով են, իսկ Ամերիկայի գողերը` բանկիրի և ֆինանսիստի տեսքով. դու չես տեսնում, թե նա ինչպես է մտնում գրպանդ, հանկարծ տեսնում ես, թե ինչ-որ մի ֆինանսական աղետ եղավ, և հարյուր-հազարավոր մարդիկ, ինչպես եղավ 2008-09թթ., մնացին անօթևան: Սրանք էլ նրանց օլիգարխներն են: 1988թ. դուք կասեիք, թե Հայաստանը կայսրության մեջ էր, սակայն Հայաստանն այսօր էլ է կայսրության մեջ: Այսօր Հայաստանի ինքնուրույնությունը երևի ավելի պակաս է, քան խորհրդային տարիներին: 88 թվականին Հայաստանի իշխանությունները ղեկավարվում էին Մոսկվայի կողմից, բայց կար նաև կազմակերպված ժողովուրդ, որն ամեն հարցում ուներ իր կարծիքը, և մեր ղեկավարները վազում էին Մոսկվա և ժողովրդի կամքն էին հասցնում: Այսինքն` ժողովուրդն էր էական թելադրողը: Ինքը` կենտրոնն էլ հասկանում էր այդ ամենը: Ասածս ընդամենն այն է, որ ես կտրականապես դեմ եմ, որ Եվրասիական միության հարցը ժողովուրդը թողնի իշխանություններին:

 


Տեսանյութեր

Լրահոս