Օսկանյանը կառավարությանը կոչ է արել «բացել խաղաքարտերը»
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում հերթական գրառումն է կատարել՝ անդրադառնալով ինչպես ինքն է նշել, ռուսական գազի թանկացմանն ու Ռուսաստանից մինչև 1 մլրդ դոլար նոր պարտք վերցնելու հարցին: «Սրանք այնքան կարևոր խնդիրներ են, որ կառավարությունը պետք է կա՛մ հաստատի, կա՛մ հերքի»,-նկատել է նա: Վարդան Օսկանյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Գազի մասին.
Եթե ճիշտ են լրատվամիջոցներում տարածված լուրերը, որ Ռուսաստանից գնվող գազն արդեն թանկացել է 60 դոլարով, բայց կառավարությունը ներքին շուկայում դեռ պահում է կամ պահելու է այսօրվա գները մինչև փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններ դա սուբսիդավորելով «ՀայՌուսգազարդում» իր ունեցած 20 տոկոս բաժնեմասից 10 տոկոսը «Գազպրոմին» փոխանցելու հաշվին, ապա մի քանի լուրջ խնդիրներ են ծագում.
1. «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Կառավարությունը նման գործարք առնվազն իրավունք չունի գաղտնի իրականացնել:
2. Գործարքը գաղտնի պահելով՝ կառավարությունն աղավաղում է ներքին շուկայում գազի գնագոյացման մեխանիզմը:
Այսինքն՝ այս գաղտնիության արդյունքում հավասարապես սուբսիդավորվում են և՛ սոցիալապես խոցելի խավերը, և՛ սոցիալապես ապահովները, և՛ բիզնեսը, որ գազի օգտագործումից շահույթ է ստանում: Կառավարությունն առնվազն պետք է այս գործարքը արագ հրապարակայնացնի և գազը վաճառի արդեն նոր գներով՝ սուբսիդավորելով միայն խոցելի խավերին:
Ռուսաստանից նոր պարտք ներգրավելու մասին
Նախ ասեմ, որ այն պնդումները, որ իբր Հայաստանի պետական պարտքը կառավարելի է և հեռու է վտանգավոր սահմանագծից և որ մենք դեռ տեղ ունենք այն ավելացնելու, իրականությանը այդքան էլ չեն համապատասխանում: Այսօր Հայաստանի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի մոտ 43 տոկոսը: Սա Հայաստանի համար հսկայական թիվ է և տնտեսության համար լուրջ պրոբլեմ մի քանի պատճառներով.
1. Հայաստանի պետպարտքի 86 տոկոսը արտաքին պարտք է և միայն 14 տոկոսն է ներքին պարտք՝ ազգային արժույթով վերցված: Հայաստանի արտարժութային պարտքը կազմում է 4 մլրդ դոլար: Եթե սրան ավելացնենք Ռուսաստանից ներգրավվելիք 1 մլրդ դոլարը, ապա պետական պարտքը արդեն կկազմի ՀՆԱ-ի ավելի քան 55 տոկոսը: Սա մեզ համար հսկայական թիվ է և լուրջ մարտահրավեր տնտեսությանը:
2. Հայաստանին հատկացված վարկերն արտոնյալ վարկեր չեն: Դրանք լողացող տոկոսադրույքով վարկեր են և բավական մոտ են LIBOR+3 առևտրային վարկերի տոկոսադրույքներին:
3. Հայաստանի պետբյուջեի փոքրությունը նկատի ունենալով՝ 2013-ից մոտ 400 մլն դոլարով պարտքի սպասարկումը արդեն լրջագույն բեռ է բյուջեի համար և լուրջ խոչընդոտ տնտեսության զարգացման համար:
4. Օրեցօր հայկական դրամը արժեզրկվում է, մինչդեռ արտաքին պարտքի սպասարկումը արտարժույթով է: Դա նշանակում է, որ օրեցօր ավելանում է նաև պարտքի սպասարկման բեռը:
5. Արտաքին պարտքի օգտագործումը Հայաստանի տնտեսության մեջ նախորդ չորս տարիներին արդյունավետ չի եղել: Չի օգտագործվել տնտեսության այն հատվածներում, որոնք մի կողմից կնպաստեին տնտեսական աճին և դիվերսիֆիկացիային, մյուս կողմից՝ մուտքեր կապահովեին պետբյուջե՝ նպաստելով պետական պարտքի սպասարկման բեռի թեթևացմանը:
Ես կարծում եմ, որ նախքան որևէ նոր պարտք վերցնելը, կառավարությունը պարզապես պարտավոր է հաշվետու լինել հասարակության առջև՝ ցույց տալով, թե իր գործունեության չորս տարիների ընթացքում գրեթե եռապատկված պետական պարտքի յուրաքանչյուր լուման ուր է գնացել և ինչ արդյունավետությամբ է ծախսվել: Կարծում եմ նաև, որ Ազգային ժողովը սեպտեմբերին պետք է բարձրացնի այս հարցը»: