Բաժիններ՝

Գյուղացիները դժգոհ են

Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել էր անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հունիս 30-ից Կոմիտաս եւ Կասյան փողոցների հատման կետում շաբաթ-կիրակի օրերին գործող գյուղամթերքի շուկայի վերաբացման նպատակով: Հունիսի 30-ից գյուղմթերքի շուկան կվերաբացվի, սակայն դա ամենեւին չի ոգեւորում գյուղացիներին: Մեզ հետ զրույցում Արմավիրի մարզի գյուղացիները նշեցին, թե գյուղմթերքի շուկան պետք է գործի ոչ միայն շաբաթ-կիրակի օրերին, այլեւ ամեն օր: «Մեզ համար շաբաթ-կիրակի չկա, երբ մեր բերքը իրացման կարիք ունեցավ, այն ժամանակ էլ շուկա ենք գնում»,- ասում են նրանք` հրաժարվելով օգտվել այդ շուկայից: Գյուղացիները պնդում են, որ այս ծրագիրն իրեն արդարացնել չի կարող, քանի որ ոչ մի գյուղացի մանր առեւտրով չի զբաղվում, իսկ այդ օրերին վաճառվելիք մեկ կամ երկու արկղ բերքը գյուղացուն օգուտ չի տա: «Ես նախընտրում եմ իմ ապրանքն իրացնել փողոցներում, այն շուկաներում, որտեղ մեծ քանակությամբ մթերք կարող եմ իրացնել: Իմ բերքը ժամ-ժամ հասնում է, ես չեմ կարող շաբաթվա վերջին սպասել, կամ` սպասելու դեպքում էլ հուսալ, որ ամբողջ բերքս կկարողանամ իրացնել»,- մեզ հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի բնակիչ Սամվել Հովհաննիսյանը: Գյուղացիներից մի քանիսը վստահեցնում էին, որ եթե բերքի հասունացման այս շրջանում տոնավաճառները դառնան ամենօրյա եւ ոչ թե` շաբաթը մեկ կամ երկու անգամ, ապա հնարավոր է` գյուղացին օգտվի այդ տոնավաճառից: Հակառակ դեպքում` այդ շուկան դարձյալ կծառայի վերավաճառողներին, ու նորից գյուղացու խնդիրը կմնա չլուծված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս