«Ես պարտավոր չեմ պատասխանել Ձեր՝ որպես դասախոսի կողմից, ինձ՝ որպես ուսանողի՝ տրված հարցին». Արփինե Հովհաննիսյանը՝ Թևան Պողոսյանին

Այսօր «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը հարցեր ուղղեց հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանին։

«Իսկապես հետաքրքիր է ընկալել ընդհանուր գաղափարը, որը դուք հիմա մեզ փորձում եք ներկայացնել, եթե կառավարության ծրագիր  կա, կան ընդհանուր պատկերացումներ, ինչի՞ ենք մենք ամեն ինչ ձգձգում և ամեն ինչ արագ չենք անում, հենց այս  նախաձեռնությա՞նն էինք սպասում»,- հարցրեց Թ. Պողոսյանը՝ նաև հետաքրքրվելով, թե արդյոք նախարարը ծանո՞թ է Սերժ Սարգսյանի հրամանագրին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների կառուցվածքների սահմանման մասին։

Ի պատասխան պատգամավորի հարցերին՝ նախարարն ասաց. «Իսկ ո՞վ ասեց, որ ինչ-որ բան ձգձգվում է։ Կառավարության կառուցվածքի  հաստատումից հետո, ըստ Սահմանադրության, կներկայացվի կառավարության ծրագիրը, բայց այդ կառավարության ծրագիրը հիմա չի սկսում մշակվել, կամ հիմա չի սպասում, որ ձևավորումը լինի, ու սկսեն մշակել։ Կա տեսլական, կան մոտեցումներ, պատկերացումներ։ Կառավարության կառուցվածքի փոփոխությունը որևէ խնդրի լուծում չէ, ոչ էլ նախապայման է, սա նոր կառավարության մոտեցումն է, թե ինչպիսի առաջնայնություններ ինքն ունի»։ Նախարարը նաև նշեց, որ ծանոթ է նախագահի հրամանագրին։

Թ. Պողոսյանն ասաց, որ շատ ուրախ է նախարարի պատասխանների համար, և շարունակեց հարցը՝  հրամանագրի երկրորդ կետը թույլ տալի՞ս է նոր կոմիտեներ ստեղծել, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

«Հրամանագրին ծանոթ եմ, բայց դա չի նշանակում, որ ես պետք  է պատասխանեմ Ձեր՝ որպես դասախոսի կողմից, ինձ՝ որպես ուսանողի՝ տրված հարցին»,- հայտարարեց Ա. Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս