Արմեն Գևորգյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղա՞ր

168.am-ի տեղեկություններով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի վերջերս՝ հունիսի 6-ին  ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակված Արմեն Գևորգյանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ կառույցի նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին՝ Երևանում նախանշված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, և նա Հայաստանի ներկայացուցիչ կլինի:

Սեպտեմբերի 11-ին «Ինտերֆաքսը» հղում անելով իր աղբյուրներին՝  գրել էր, որ առաջիկայում Սեյրան Օհանյանը կազատվի ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնից և կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Սեյրան Օհանյանը  սեպտեմբերի 16-ին NEWS.am-ի հետ զրույցում, ի պատասխան այդ լուրերի՝  հայտարարել էր, որ մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը։

«Կառավարության փոփոխությունները կարող են բոլորի վրա ազդել, գիտենք՝ ինչ ընթացակարգեր գոյություն ունեն կառավարությունը ձևավորելու, և որ քաղաքական ու այլ կառավարչական ուժերն են ձևավորում կառավարությունը։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ նշանակմանը, այդպիսի առաջարկություններ չի եղել, այսօր ես պաշտպանության նախարարի պաշտոնակատար եմ և չեմ պատրաստվում որևէ միջազգային կառույցում աշխատել»,- կտրուկ հայտարարել էր Ս. Օհանյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս