Հետաձգել Արցախի ճանաչումը` ավելորդ նոր զարգացումների տեղի չտալու համա՞ր

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը կոչ է անում իր գործընկերներին` հետաձգել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկումները: Այսօր կառավարությունում քննարկված նախագծի հեղինակները, հիշեցնենք, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն են:

«Այս կոչը վերաբերում է նրան, որպեսզի մենք ավելորդ նոր զարգացումների տեղի չտանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հ.Սահակյանը:

Նա նշեց, որ Արցախի ճանաչումը պայմանավորված է Արցախի և ՀՀ-ի միջև քննարկումների արդյունքներով. «Մենք մշտապես էլ նշել ենք, որ դա պայմանավորված է նաև հետագա զարգացումներով: Ես չեմ կարծում, որ որևէ մի հայ մարդ դեմ կլինի Արցախի անկախության ճանաչմանը, բայց այս գործոնները դոմինանտ են: Այսինքն` այս ամբողջը պայմանավորված է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները և արտաքին գործոնները»:

Հ. Սահակյանը չհամաձայնեց, որ օրինագծի հետաձգումը չի կարող դիտվել՝ որպես ադրբեջանական հիստերիայի հաղթանակ: Թե ներկայիս փակուղային վիճակում ի՞նչն է խանգարում ճանաչմանը, Հ.Սահակյանը պատասխանեց. «Մենք չենք բանակցողները` ո´չ ես, ո´չ ԱԺ որևէ պատգամավոր, բանակցողները բանակցում են, երբ փակուղային կլինի, դրա հետ կապված հայտարարություն կանեն, երբ՝ ոչ, ապա դիվանագիտությունն այն է, որ մեկ փոքր հնարավորությունն էլ կարող է աճել և դառնալ մեծ հնարավորություն»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Մոսկվայի հայտարարությանը, թե օրինագիծը չի համաձայնեցվել իրենց հետ, արդյո՞ք հայկական կողմը պարտավոր էր դա անել, Հ.Սահակյանը նշեց. «Ես ԱԺ անդամ եմ, Պետաիրավական հանձնաժողովի նախագահն եմ և խոսում եմ բացառապես մեր երկրի հայտարարությունների և մեր երկրի քայլերի մասին: Մենք մեր քայլերն ասում ենք, իսկ թե պարտավո՞ր ենք համաձայնեցնել, թե՞ ոչ, այդ հարցը թողնենք՝ որպես այդպիսին»:

Տեսանյութեր

Լրահոս