Բաժիններ՝

«Նախկինում ինչ խաղ էին խաղում, հիմա ինչ խաղ են խաղում, միմյանց հետ չի համընկնում». Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից բանակում ծառայության անցնելու համար կամավորականների հավաքագրումն առանձնահատուկ նշանակություն չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ դա արվում է ցուցադրականության շրջանակներում: «Ադրբեջանը անցած օրերին համառորեն ինչ-որ բաներ էր ցանկանում ցույց տալ՝ մեկ իրենց զինապահեստներն էին ցույց տալիս, մեկ՝ զենքերը: Չի բացառվում, որ այդ շրջանակներում է արվում այս ամենը»,- ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության այս քայլը ծիծաղելի է համարում այն առումով, որ նրանք նախկինում հայտարարում էին, թե կամավորների հավաքագրելու խնդիրներ չունեն: «Սա մի փոքր ծիծաղելի է այն առումով, որ եթե զինադադար է, եթե ի սկզբանե ասում էին, որ որևէ խնդիր չունեն, ապա ի՞նչ կարիք կա կամավորների հավաքագրել: Մենք, օրինակ, ի սկզբանե հենց առաջին օրվանից հավաքագրել ենք ու չենք թաքցրել: Նույնիսկ ինչ-որ պահի ասել ենք, որ այլևս չգան, որովհետև իսկապես շատ էին գալիս, սակայն տվյալ դեպքում իրենց արարքն անհասկանալի է: Նախկինում ինչ խաղ էին խաղում, հիմա ինչ խաղ են խաղում, միմյանց հետ չի համընկնում»,- եզրափակեց Հովհաննիյսանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սահմանել է երկրի զինված ուժերում կամավոր ու հրատապ ծառայության անցնելու կարգը: Նախարարությունը հաղորդել է, որ հաշվի առնելով զինված ուժերում ծառայության անցնելու ցանկություն հայտնողների մեծ թիվը, սահմանվել է ընթացակարգը: Նշվում է, որ հրատապ ծառայության անցնել ցանկացողները կարող են դիմել այն զորամասի հրամանատարությանը, որտեղ ցանկանում են ծառայել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս