Թումոյի բացումը հեղափոխություն կլինի Արցախում

Մեր զրուցակիցն է Արցախի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում բացվելու է Թումո կենտրոնը: Թումոյի բացումն ի՞նչ կփոխի Արցախի կյանքում:

– Թումոյի կենտրոնի բացումը միայն ողջունելի է, որովհետև շատ էին խոսում դրա մասին: Դա հեղափոխություն կլինի, որին մենք սպասում ենք: Շատ էին խոսում ՏՏ ոլորտի զարգացման մասին, բայց իրականում սայլը տեղից չի շարժվում, քայլեր ձեռնարկվում են, բայց արդյունավետութունը գրեթե զրո է: Այստեղ շատ կան պատճառներ՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ և այլն, բայց իրականում խնդիրները շատ են: Եվ ամենամեծ խնդիրը կրթությունն է, կրթական մակարդակը: Մինչև կրթական մակարդակը չփոխվի, դժվար թե ինչ-որ բան փոխվի և դա միայն ՏՏ ոլոտին չի վերաբերում, բոլոր ոլորտներին է վերաբերում: Մենք գրեթե բոլոր ոլորտներում ունենք մասնագետների պակաս ու դա գալիս է կրթական համակարգի խնդիրներից:

Թումոն ճիշտ ուղղություն է ընտրել, աշխատում է պատանի երեխաների հետ, այսինքն՝ ուսանողների հետ մի քիչ ուշ է աշխատել, որովհետև բուհական համակարգը իրենց մի քիչ բթացնում է, իսկ 14-16 տարեկանների հետ աշխատանքը արդյունավետ կլինի և ապաագա ունի, որովհետև երեխաների մտավոր մակարդակը, զարգացումը դեռ փչացած չէ: Ու այս առումով շատ մեծ սպասելիքներ ունենք: Այստեղ իսկապես շատ տաղանդավոր երեխաներ ունենք, բայց խնդիրն այն է, որ այդ երեխաները զարգացման տեղ, կրթական հաստատություն չունեն:

– Իսկ պահանջարկ կա՞, երեխաները ցանկանո՞ւմ են ՏՏ ուղղությամբ գնալ:

– Միանշանակ՝ այո: Ես տեսնում եմ՝ շատ երեխաներ են դիմում, նույնիսկ ասում են՝ հնարավոր չէ՞ արտասահմանում գնալ սովորել, բայց այդ առումով էլ խնդիրները շատ են, ֆինանսականից սկսած և այլն, պետությունն ի վիճակի չէ բոլորին ֆինանսավորել, ծնողներն էլ չեն կարող, թանկ հաճույք է և Թումոյի տարբերակը շատ լավ տարբերակ է:

– Իսկ ընդհանուր ՏՏ զարգացումն Արցախում ինչպե՞ս եք գնահատում:

– Զրոյական՝ կարճ ու կոնկրետ:

– Ինչո՞ւ:

– Ոչինչ չկա, խոսում են, խոսում են, ասում են ռազմավարական ոլորտ է, կենտրոն են ստեղծել՝ ինկուբատոր, որից սկզբնական շրջանում մեծ սպասելիքներ ունեինք, բայց այստեղ էլ եմ ես խաչ դրել, որովհետև տեսնում եմ ինչպես են ղեկավարում: Դժվար թե ինչ-որ բան փոխվի: Դա տարածք է, որ տրամադրում է սենյակներ բոլոր ցակացողներին, բայց երեխաներից զանգել բողոքել էին, որ անգամ ինտերնետ չկա:

– Այդ դեպքում ի՞նչ է պետք անել Արցախում ՏՏ-ն զարգացնելու համար:

– Մինչև կրթական մակարդակը չփոխվի, ոչինչ չի փոխվի: Ընկերությունները գալիս են, ասում ՝ մասնագետ է պետք, ու մենք փաստի առաջ ենք կանգնում, որ չունենք պատրաստի մասնագետներ: Իսկ ոլորտի համար մասնագետ պատրաստելը 1-3 ամսվա խնդիր չէ, տարիների խնդիր է: Պետական բուհում մարդիկ 4-5 տարի սովորում են, բայց մասնագետ չեն դառնում:

– Շրջանավարտները չեն ունենո՞ւմ անհրաժեշտ գիտելիքները:

– Այստեղ, օրինակ, «Ինստիգեյթի», «Սիներջիի» կենտրոններ են բացվել, ու կադրային շատ խնդրներ ունեն: Վերապատրաստման դասընթացներ են կազմակերպում, որ համալսարանի շրջանավարտներին գոնե մոտեցնեն իրենց անհրաժեշտ մակարդակին: Հայաստանում էլ նույն վիճակն է՝ կադրերի պակաս կա, այստեղ կարող է մի քիչ ավելի խորացած է խնդիրը:

– ԼՂ կառավարության ջանքերը ինչպե՞ս եք գնահատում:

– Չեմ ուզում մեկնաբանել, որովհետև լավ բան չեմ կարող ասել:

– Բայց Արցախի համար ՏՏ-ի զարգացումն ամենալավ արդյունքը կապահովեր տնտեսական զարգացման, կենսամակարդակի բարձրացման տեսակետից:

– Այո, ամենահարմարն է, և այլն, բայց նորից եմ ասում՝ եթե կա պահանջարկ դրսից, այն բավարարելու համար մենք, ի վերջո, պետք է մասնագետներ ունենանք: Արտերկրից գալիս են, ասում են՝ մեզ պետք են այս-այս որակավորում ունեցող մասնագետներ, բայց մենք չունենք այդ մասնագետները:

– Պարոն Գրիգորյան, իսկ մասնգետների արտահոսքի խնդիր կա՞ Արցախում:

– Մեր միությունն աշխատում է 2010թ-ից, ոլորտի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը մեր կենտրոնով է անցել ու շատերն այստեղ են՝ Արցախում, իրենց բիզնես կառույցներն են ստեղծել ու շխատում են: Այս ոլորտում կապ չունի, թե մասնագետը որտեղ է նստած՝ Երևանում, Լոս Անջելոսում, թե Ստեփանակերտում: Կարող է տանից աշխատանքը կատարեն, իրենց գումարը ստանան:

– Բայց, օրինակ, Հայաստանից շատերը ԱՄՆ են տեղափոխվում՝ հանուն ավելի լավ կենսապայմանների:

– Այստեղի բնակչության հոգեբանությունը մի քիչ այլ է, օրինակ՝ Երևանում, երբ խնդիր է առաջանում, արտագաղթը միանգամից մեծանում է, իսկ այստեղ այդ խնդիրը չկա: Տեղացիները միշտ ձգտում են մնալ տեղում՝ թեկուզև դժվարություններ են լինում: Մարդիկ հողի հետ կապված են: Այդ տեսակետից այստեղ լրիվ այլ մթնոլորտ է:

– Իսկ ՏՏ համար բիզնես միջավայրը որքանո՞վ է նպաստավոր Արցախում:

– Միջավայրը լավն է, իմ կարծիքով՝ ամենահեռանկարային ոլորտներն են ՏՏ-ն, տուրիզմը և գյուղատնետսությունը, որոնք բոլորն էլ մեկը մյուսի հետ կապված են: Եթե ռեալ ջանքեր գործադրեն պետական կառույցները, արդյունքները մի քանի տարի անց կստանանք: Ամեն տարի ասում ենք, շատ առաջարկներ ենք ներկայացնում, բայց փոփոխություն և անգամ միտումներ ես չեմ տեսնում: Մինչև կրթական մակարդակը չբարձրանա, ոչինչ չի փոխվի, խայտառակ վիճակ է և դա էլ Երևանից է գալիս՝ այստեղ նույն կրթական համակարագն է, ինչ Երևանում:

Տեսանյութեր

Լրահոս