«Եթե անգամ ազնվագույն մարդու ընտրենք նախագահ, և այդ մարդն ուզենա դրական բարեփոխումներ կատարել, վաղը նա կանգնելու է փաստի առաջ». Աշոտ Մանուչարյանը՝ Սահմանադրության նոր նախագծի մասին

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իշխանությունների կողմից նախաձեռնված նոր Սահմանադրությունը թալանի տրամաբանության շարունակությունն է. «Նոր լծակներ են դնում թալանը պահպանելու համար: Ոչ մի օրենք ինքներս չենք գրել մեր երկրում, դուք չեք կարող մեր օրենքներում և Սահմանադրություններում ցույց տալ մի տող, որը, կարող ենք ասել, արտադրված է Հայաստանում: Համաշխարհային թալանի համակարգը ստեղծած «բարի քեռիները» մեզ բացատրում են՝ այսպիսի կետեր պետք է լինեն, որ հեշտ լինի թալանը՝ թե՛ ձեր թալանչիները հեշտ թալանեն Հայաստանը, թե՛ մենք կարողանանք մեր բաժինը տանել:

Եթե որևէ մեկս հանկարծ փորձի այս երկրի թալանը դադարեցնել, և որոշենք ինչ-որ մեկին դատի տալ, կպարզվի, որ պետք է գնանք Նյու Յորքի դատարան, Լոնդոնի դատարան, և այլն: Այստեղ ոչինչ լուծել չենք կարող: Նոր Սահմանադրությամբ ավելացվում են արտաքին կառավարման բոլոր էլեմենտները: Դա քայքայիչ գործողություն է` ընդդեմ Հայաստանի»:

Լրագրողների այն հարցին, թե Սահմանադրության կոնկրետ ո՞ր դրույթներն են մերժելի, կամ որո՞նք են դրական, նա պատասխանեց. «Փաստաթուղթն ամբողջական բնույթ է կրում: Օրինակ, եթե ես ձեզ ասում եմ՝ այս կոմբայնը վատ է հնձում, դուք պատասխանում եք՝ այո, պատճառն այն է, որ գույնը կարմիր է, պետք է կանաչ ներկել, և ամբողջ մի փաստաթուղթ եք ստեղծում կոմբայնը կանաչ ներկելու մասին: Հետո հարցնում եք ինձ՝ այդ փաստաթղթի մեջ դրական բաներ կա՞ն, թե՞ բոլորը բացասական են: Ես կպատասխանեմ, որ փաստաթուղթն ամբողջովին անհեթեթություն է, որովհետև կոմբայնը չի աշխատեցնում: Հայաստանին առաջարկված Սահմանադրությունը, որը հայկականի հետ ոչ մի կապ չունի, դրա ամենահագեցված ձևն է:

Մեր իշխանություններին վերջին տասը տարիների ընթացքում մի հարյուր բան են ասել, որ անցկացնեն: Իշխանությունները վազել են՝ անցկացնելու: Անիմաստ եմ համարում կոնկրետ կետերի մասին խոսել, որովհետև բոլորը վերաբերում են նույն բանին: Այս տարիներին հազար բան փոխել ենք Սահմանադրությունում, բայց մեր կյանքում ոչինչ չի փոխվել, կամ վատթարացել է: Եկեք մեր նախագահին առաջարկենք, որ նա կարմիր գույնի բաճկոն հագնի, և դա կփրկի մեզ թալանից: Բաճկոնի ոչ մի տեսակը, նախագահի փոփոխությունը ոչինչ չի փոխելու, որովհետև, անգամ եթե պատահական փոփոխությունների հետևանքով ազնվագույն մարդու ընտրենք նախագահ, և այդ մարդն ուզենա դրական բարեփոխումներ կատարել, վաղը նա կանգնելու է փաստի առաջ: Նրան ասելու են՝ այս բանը չարեցիր՝ այս վարկը չես ստանալու: Այն, ինչ ստեղծում եք, պետք է կարողանա այս կարգի մարտահրավերներին դիմակայել: Իսկ դա հնարավոր է, եթե ամբողջ ժողովուրդը մտնի այդ գործընթացի մեջ»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս