Բաժիններ՝

Ովքեր են մեր չուզողները

 «…Լինում էին պահեր, երբ անասուններին թվում էր, որ իրենք ավելի երկար են աշխատում և ուտում են ոչ ավելին, քան Ջոնզի ժամանակներում: Սակայն ամեն կիրակի առավոտ Զռանը, տոտիկով թղթի երկար մի թերթ սեղմած, բարձրաձայն թվեր էր կարդում, որոնք ապացուցում էին, թե անասնակերի ամեն տեսակի արտադրությունն աճել է 200, 300 կամ 500 տոկոսով: Անասունները նրան չհավատալու պատճառ չունեին, մանավանդ որ, ոչ ոք հստակ չէր հիշում, թե ինչպիսին էր եղել վիճակն Ապստամբությունից առաջ:  Չնայած դրան, լինում էին օրեր, երբ անասունները կնախընտրեին ավելի քիչ թվեր, բայց ավելի շատ կեր…»:  

Ընթերցողներից շատերը երևի հիշեցին Ջորջ Օրուելի հանճարեղ ստեղծագործության՝ «Անասնաֆերմայի» այս հատվածը: Իհարկե, շատ դեպքերում հիշեցնելու կարիք էլ չկա, քանի որ մեր կյանքն այնքան նման է Օրուելի նկարագրածին, որ ստեղծագործությանը ծանոթ մարդկանց թվում է, թե այն գրված է հենց մեր օրերի մասին:

Իսկ ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ հերթական անգամ հիշենք այս տողերը: Ոչ թե դառն իրականությունը (սոցիալ-տնտեսական առումով), այլ դրա վերաբերյալ հնչող մեկնաբանությունները:

Այն, որ սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրում, մեղմ ասած, լավ չէ, նորություն չէ:  Նվազել են արտաքին առևտրի ծավալները, արտերկրից ստացվող տրանսֆերտները կրճատվել են, բանկերի կողմից վարկավորումը թուլացել է, մանրածախ առևտրաշրջառանությունը կրճատվել է, և այլն: ՀՀ բնակիչներն այս տվյալների կարիքը չունեն՝ նրանք իրենց մաշկի վրա են զգում դժվարությունները: Զրուցեք անհատ քաղաքացիների և ընկերությունների սեփականատերերի հետ այս թեմայով, և ինքներդ կհամոզվեք: Առկա վիճակն ու ռիսկերը հաշվի առնելով՝ տեղական ու միջազգային մի շարք վերլուծաբաններ ու կազմակերպություններ չեն հավատում, որ այս տարի կհաջողվի 4.1% տնտեսական աճ ապահովել (ինչպես նախատեսված է բյուջեով):

Սակայն, արի ու տես, որ պաշտոնական վիճակագրությունը մեզ այլ բան է համոզում: Մեզ ապացուցում են, որ  այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանի տնտեսությունն ակտիվացել է 2.7%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մեզ նաև ապացուցում են, որ աշխատավարձերը կրկնակի արագ են աճել, քան գները: Այսինքն՝ ամեն ինչ նորմալ է։

Ավելին, հայրենի կառավարությունը շարունակում է պնդել, որ բոլոր հոռետեսները սխալվելու են, և այս տարի տնտեսական աճ ենք ունենալու: Այսպես, ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ (մայիսի 21) վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երկրի տնտեսության ներկա վիճակին և նշել, որ ԱՎԾ երեկ հրապարակած տվյալներով՝ առկա է տնտեսական ակտիվություն:  «Եթե որոշ մարդիկ ենթադրությամբ են խոսում, ապա մենք թվերով ու հաշվարկներով ենք հիմնավորում, որ տնտեսական աճ ունենալու ենք, – ասել է կառավարության ղեկավարը:  -Համոզված եմ, որ չորս ամսվա տվյալով՝ լինելու է 2.2-2.3 տոկոս աճ»:  Վարչապետն առաջարկել է վերջ դնել այն խոսակցությանը, թե տնտեսական անկում է լինելու, և համոզմունք է հայտնել, որ որոշ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի այն ցանկությունը, թե կառավարությունը կձախողվի, և տնտեսական անկում կարձանագրվի, չի իրականանալու:  Նա նաև համոզմունք  է հայտնել, որ արձանագրվելու է նվազագույնը 2-3 տոկոս տնտեսական աճ, ինչն ակնհայտ կլինի երկրորդ կիսամյակից:
Վարչապետի խոսքով՝ եթե այն ծրագրերը, որ պլանավորել են, այս տարի իրականացվեն, ապա կառավարությունը կփորձի բյուջեում դրված 4.1 տոկոս տնտեսական աճը միասնական ուժերով ապահովել:  «Հասկանալի է, որ կան նաև տարածաշրջանային խնդիրներ, բայց դրանք պատճառ չպետք է դառնան, որ մենք չփորձենք անել առավելագույնը, որպեսզի տնտեսական աճ արձանագրվի մեր երկրում:  Սա է մեր մոտեցումը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Ուշագրավն այն է, որ վարչապետն այս մասին խոսել է ՀՀ Կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության և դրա կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացություններին հավանություն տալու համատեքստում:  Ուշագրավ է այն պատճառով, որ հենց ԿԲ-ն էր թերահավատ տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ և այս տարվա համար կանխատեսել էր 0.4-2% աճ:

Ո՞ւմ էր ուղղված վարչապետի կոչը՝ վերջ դնել տնտեսական անկման մասին խոսակցություններին: Ըստ էության՝ բոլորին: Եվ առաջին հերթին՝ միջազգային կառույցներին, որոնց հետ Հայաստանը սերտորեն համագործակցում է և որոնցից՝ ակտիվ կերպով վարկավորվում: Օրինակ, ԱՄՀ ամենաթարմ կանխատեսման համաձայն՝ Հայաստանն այս տարի կունենա 1 տոկոս տնտեսական անկում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համաձայն՝ 1.5% անկում: Իհարկե, մի տեսակ սիրուն չէր ստացվի՝ և՛ գումարներ ստանալ այս կառույցներից, և՛ քննադատել՝ ոչ կոմպետենտության և սխալ կանխատեսումների համար: Թերևս, այս պատճառով էլ Հովիկ Աբրահամյանը խոսքի սլաքն ուղղում է «որոշ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի»: Այսինքն՝ քաղաքականացնում է հարցը՝ դուրս բերելով այն մասնագիտական հարթությունից և տեղափոխելով ներքաղաքական դաշտ:

Ճիշտ է, գաղտնիք չէ, որ քաղաքական ուժերը թերահավատ են այս տարվա տնտեսական աճի նկատմամբ: Գաղտնիք չէ նաև, որ ձախողման դեպքում նրանք տնտեսական անկումը կօգտագործեն՝ որպես լրացուցիչ հաղթաթուղթ՝ կառավարությանը քննադատելու համար: Սակայն տնտեսական աճի ցուցանիշի դերը գերագնահատել չի կարելի: ՀՀ նորագույն պատմության մեջ չի եղել նախադեպ, որ 13 վարչապետներից որևէ մեկն իր թիմով հրաժարական ներկայացնի՝ տնտեսական աճը նախատեսված չափով չապահովելու համար: Ամենավառ օրինակը Տիգրան Սարգսյանն էր, ում օրոք Հայաստանի տնտեսությունն ունեցավ ամենախորն անկումը՝ ավելի քան 14%: Սակայն դրանից հետո Տ.Սարգսյանը պաշտոնավարեց ևս 4 տարի, իսկ այժմ զբաղեցնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը: Այնպես որ, տնտեսական աճը կամ անկումը Հայաստանում երբեք չեն դարձել իշխանության կամ կառավարության փոփոխության պատճառ: Մանավանդ հիմա, երբ բոլորի համար էլ պարզ է, որ տնտեսական դժվարությունների հիմնական պատճառը երկրից դուրս կատարվող իրադարձություններն են:

Ու, չնայած այս ամենին, դժվար թե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը տնտեսական անկման համար իրեն քննադատելու հնարավորություն ընձեռի ընդդիմությանը: Առավել, քան համոզված ենք, որ տարեվերջին պաշտոնական վիճակագրությունը մեզ կազդարարի նվազագույնը 4% տնտեսական աճի մասին: Իսկ սոցիալական ծանր վիճակում գտնվող յուրաքանչյուր բնակիչ սկզբում կզարմանա, քանի որ ինքն ավելի վատ է ապրում, քան նախորդ տարի, սակայն կմտածի՝ միգուցե հարևաննե՞րն են սկսել ավելի լավ ապրել:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա չպետք է մոռանալ, որ խոսքը ոչ թե իրական տնտեսության, այլ տնտեսության ցուցանիշի մասին է: Իսկ ցուցանիշերը հրապարակում է պաշտոնական վիճակագրական կառույցը: Ու ճիշտ այնպես, ինչպես Օրուելի ստեղծագործության մեջ, մեզ կարող են հրամցնել ցանկացած թիվ:

Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ այս տարվա առաջին 4 ամիսներին գրանցված 2.7% տնտեսական ակտիվության ցուցանիշն ապահովվել է հիմնականում գյուղատնտեսության ոլորտի հաշվին: Գյուղոլորտի արտադրանքը, նախորդ տարվա համեմատ, մյուս ոլորտներից ամենաբարձր աճն է գրանցել՝ 4.8%: Օրուելի նկարագրած ֆերմայում նույնպես աճը ներկայացվում էր հենց գյուղմթերքի տեսանկյունից: Սա, հենց այնպես, ի գիտություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս