«100-ամյակն այն չէ, որ մեր իշխանությունները գրկեցին Քիմ Քարդաշյանի տառապած բարեմասնությունները, կամ էլ մեր եռագույնը Կոնչիտայով ցայեցին»

«Պետք է շնորհակալություն հայտնենք այդ չարագործներին, քանի որ մեզ բանտն էլ օգնեց բավականին շատ բան տեսնել, շատ արդար մարդիկ են այնտեղ դատապարտված, ինձ համար անհասկանալի և սոսկալի է, երբ 48 ազատամարտիկ են գտնվում այդ բանտում, որոնք ահռելի մեծ ներդրում ունեն այս պետականության կերտման մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին թույլ չէին տվել մուտք գործել Հայաստան: Ըստ Պ. Մանուկյանի՝ այդ դեպքից հետ Սփյուռքը կարողացավ հասկանալ, որ «100-ամյակն այն չէ, որ մեր իշխանությունները գրկեցին Քիմ Քարդաշյանի տառապած բարեմասնությունները, կամ էլ մեր եռագույնը Կոնչիտայով ցայեցին». «Հիմա ընտրություն պետք է անենք՝ 100 տարի մենք երգել ենք մի երգ՝ «մեր հայրենիք, թշվառ, անտեր», բայց հիմա առաջարկում ենք հետևյալը՝ «երբ չի մնում ելք ու ճար»: Պետք է ամբողջ ժողովուրդը հաղթանակին մասնակից լինի»:

ՀԽ մեկ այլ անդամ էլ՝ Գևորգ Սաֆարյանը, հայտարարեց, որ իրենց պայքարն ինչպես սկսել են, այնպես էլ շարունակելու են. «Եվ այդ նեխած ՊԱԿ-ի օրենքներով այս ռեժիմը չի կարող մեր պայքարը կանխել՝ մեզ աշխատանքից ազատելով, մեքենաները վառելով, ջարդելով, մահափորձ անելով, և այլն: Այս ռեժիմը մնացել է ՊԱԿ-ի ազդեցության տակ, նման ձևերից չենք վախենում, միշտ էլ ասել ենք, որ պատրաստ ենք դրանց դիմակայելու: Ռեժիմը չի կարողանում մեզ ընկճել, բայց մանավանդ բանտից՝ մի քիչ դժվար է տեսնել, որ մեկ երգչի կոչով կարող են կես ժամում հազարավոր երիտասարդներ հավաքվել Կարապի լճի շուրջ և հետո մտնել Կարապի լիճ: Կամ տասնյակ-հազարավոր մարդիկ կարող են հավաքվել SOAD-ի համերգին, բայց այդ նույն մարդիկ պատրաստ չեն հայրենիքի, պետության համար պայքարել: Կոչ եմ անում մեր երիտասարդությանը՝ դուրս գալ տներից, այդ հաճույքները մի տարի կամ մի քանի ամիս մի կողմ դնել և միանալ պայքարին, որպեսզի կարողանանք շուտափույթ այս ռեժիմից ազատվել»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս