Ռիգայում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» հերթական գագաթնաժողովը. ի՞նչ սպասել ՀՀ-ԵՄ հարաբերություններից

ԵՄ նախագահող երկրի մայրաքաղաք Ռիգայում այսօր մեկնարկում է ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի երկօրյա գագաթնաժողովը: Այսօր պաշտոնական հանդիսավոր ողջույնի և հանդիպումների արարողությունից հետո ԱլԳ երկրների ղեկավարներն ու վարչապետերը կմասնակցեն Լատվիայի ղեկավարության նախաձեռնությամբ կազմակերպված ընթրիքին, կքննարկեն ամփոփիչ հռչակագրի սևագրի տեքստը, իսկ վաղը կկայանան պաշտոնական նիստերն ու մամլո ասուլիսները: Գագաթնաժողովը նախագահելու է ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը: ԵՄ-ն ներկայացնելու են նաև Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, ԵՄ արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ  այլ հանձնակատարներ: Հայաստանը Ռիգայի գագաթնաժողովում ներկայացված է լինելու ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանի մակարդակով, Ուկրաինան` նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Մոլդավան` նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի, Վրաստանը` վարչապետի, Բելառուսը` ԱԳ նախարարի, Ադրբեջանը ևս ԱԳ նախարարի մակարդակով:

«Արևելյան գործընկերության» այս գագաթնաժողովը հանգրվանային պետք է դառնար, ըստ որոշ միջազգայնագետների գնահատականների, քանի որ պետք է տեղի ունենա ուկրաինական պատերազմի, ռուսական գործոնի լիակատար գիտակցման պայմաններում: Ըստ նույն այդ փորձագետների` ԵՄ-ն պետք է գոնե արդեն իսկ ասոցացված երկրներին ` Վրաստանին, Մոլդավային և Ուկրաինային տրամադրեր ԵՄ անդամակցության ճանապարհային քարտեզ և ազատ վիզային ռեժիմ, իսկ մյուս երեքի` ԵՏՄ անդամներ Հայաստանի և Բելառուսի, Ադրբեջանի պարագայում վարեր քաղաքականություն` նրանց հավակնություններին համապատասխան: Այնինչ մինչ գագաթնաժողովի մեկնարկը որոշ ԵՄ պաշտոնյաներ արդեն  ակնարկել են, որ ոչ մեկը տեղի կունենա, ոչ` մյուսը:

«Մենք չենք կարող մեծ վերելք ակնկալել Ռիգայի գագաթնաժողովից: Սա լինելու է միայն երկար հեռանկարային գործընթացի հերթական քայլը: Ուստի ես հասկանում եմ, որ արևելյան գործընկերների, նրանց քաղաքական գործիչների, մեկնաբանների ձգտումները, սպասելիքները ավելի բարձր են իրականությունից Եվրոպայում: Բայց ես համոզված եմ, որ Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները Եվրոպայում տիրող իրականության և ԱլԳ երկրների ձգտումների մեջտեղում են: Իհարկե, դա բավարար չէ: Բայց դա նույնիսկ ավելին է, քան մենք կարող էինք ակնկալել այսօր Եվրոպայում առկա քաղաքական դիրքորոշումների տեսանկյունից»,- նախօրեին, անդրադառնալով Ռիգայի գագաթնաժողովին, այս մասին ասել էր Տուսկը: Վերջինս  անդրադարձել էր նաև ԱլԳ արդեն իսկ ասոցացված Վրաստանին և Ուկրաինային ազատ վիզային ռեժիմ տրամադրելու մասին խոսակցություններին: Ըստ նրա` ԵՄ-ն այս երկրների հետ ազատ վիզային ռեժիմ կհաստատի միգուցե հաջորդ տարի: Նա ակնարկել էր, որ եթե ԵՀ-ն հասկանա, որ այս երկրներն իրականացրել են իրենց պահանջները, ապա իրենք 2016թ. սկզբին պատրաստ կլինեն այս երկրներին տրամադրել ազատ վիզային ռեժիմ:

Ինչպես ԱլԳ յուրաքանչյուր գագաթնաժողով, այս գագաթնաժողովի արդյունքներով ևս կազմվելու է ամփոփիչ հռչակագիր, որում, ըստ եվրոպական մամուլի, ընդգրկվելու են ԱլԳ բոլոր երկրների պարտավորությունները, երկկողմ հանձնառությունները: Ըստ որոշ տեղեկությունների` փաստաթղթում կխոսվի այն մասին, որ ԵՄ-ն դատապարտում է Ղրիմի միացումը Ռուսաստանին, որի պատճառով Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը: Ըստ միևնույն աղբյուրի` Երևանի և Մինսկի դիրքորոշման պատճառով կմշակվի փոխզիջումային հայտարարություն, որում ԵՄ-ի և «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների դիրքորոշումները կներկայացվեն առանձին:

Լատվիայի ԱԳՆ «Արևելյան գործընկերության» հարցերով դեսպան Յուրիս Պոյկանսն օրերս նշել էր, որ կցանկանային  ավելի պաշտոնական կապեր ունենալ Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ: Դիվանագետը նաև ասել էր, որ  յուրաքանչյուր երկրի հետ անհատական մոտեցման զարգացման  ձգտում կա: «Մենք Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ կարող ենք հայտարարել ԵՄ-ի և Հայաստան միջև նոր համաձայնագրով բանակցությունների մեկնարկի մասին»,-տեղեկացրել էր Պոյկանսը: Վերջինիս խոսքով,Ադրբեջանն իր հերթին ցանկանում է ստորագրել ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր,  եվրոպական կողմը սպասում է ադրբեջանցի գործընկերների առաջարկներին:

168.am-ի հետ զրույցում Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտն, ինչպես ԵՄ որոշ պաշտոնյաներ, պնդեց, որ ի տարբերություն Բելառուսի, որը ևս ԵՏՄ անդամ է և առանձնապես հետաքրքրված չէ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմամբ, Հայաստանը ձգտում է զարգացնել  իր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Իսկ դա, լեհ փորձագետի խոսքով, նշանակում է, որ Հայաստանի հետ հարաբերություններն ապագայում կամրագրվեն համաձայնագրի տեսքով:

konrad

Նրա համոզմամբ` այս գագաթնաժողովի հռչակագրում կամրագրվի, որ ԵՄ-ն ու ՀՀ-ն սկսելու են աշխատել նոր համաձայնագրի վրա, որը լինելու է փոքր ինչ փոփոխված Ասոցացման համաձայնագիրը: Ինչ վերաբերում է ԵՄ-ի պասիվությանը Հարևանության գոտում` լեհաստանցի փորձագետն ասաց, որ ԵՄ-ն փորձում է չհրահրել, չգրգռել Մոսկվային, սպասել ուկրաինական ճգնաժամի վերջնական կարգավորմանը, թեև գլխավոր ուրվագծերն արդեն իսկ կան, ռուսական գործոնի սպառնալիքը ևս հասկացված է:

Մեկ այլ հանգամանքի մասին ևս խոսեց Զաշտովտը: Նրա համոզմամբ` և ԱլԳ երկրները, և ԵՄ-ն չափազանցված սպասելիքներ ունեն միմյանցից, ինչն էլ բարդացնում է գործընկերության առաջընթացը: «ԵՄ-ն մտածում է, որ ասոցացված երկրներն արագորեն պետք է  իրականացնեն բարեփոխումներ, իսկ նրանք իրականացնում են, որքան կարողանում են և որքան հնարավոր է, իսկ ԱլԳ երկրները կարծում են, որ ԵՄ-ն կարող է հեշտությամբ տրամադրել ազատ վիզային ռեժիմ և ԵՄ անդամակցության հեռանկար, այնինչ դրանք բարդ գործընթացներ են և առնչվում են  ԵՄ բոլոր անդամ երկրների հետ, որոնք այս հարցում ունեն տարբեր  և հաճախ իրար հակասող մոտեցումներ»,- պարզաբանեց Կոնրադ Զաշտովտը:

 

«Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովին կարող եք հետևել ուղիղ եթերով:

Տեսանյութեր

Լրահոս