Բաժիններ՝

Կառավարությունն «ազատվել» է Նունե Պլուզյանից (տեսանյութ)

Այս տարվա սկզբին ՀՀ կառավարությունն «ազատվել» է Դիմումների և բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանից, ում տևական ժամանակ քաղաքացիները մեղադրում էին վաշխառության և խարդախության մեջ: Պլուզյանն այլևս Կառավարությունում չի աշխատում: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, թե նրա զբաղեցրած հաստիքը կրճատել են, սակայն մեր տեղեկություններով՝ Պլուզյանին հեռացրել են անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ցուցումով: Պատճառն այն էր, որ փողոցում հայտնվելու վտանգի առաջ կանգնած ընտանիքը որոշել էր վրաններով անժամկետ նստացույց սկսել Հովիկ Աբրահամյանի սեփական տան մոտ: Վարչապետը, թերևս, այս ամենից խուսափելու համար հրահանգել էր լուծել խնդիրը:

Մինչ այդ Չփլախյանների ընտանիքը ամիսներ շարունակ մամուլով և Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցերի միջոցով փորձում էր Կառավարությանը հասկացնել, թե ինչպիսի աշխատակից ունեն նրանք: ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցներում Սիրանուշ  Չփլախյանը պնդում էր, որ Նունե Պլուզյանը վաշխատությամբ է զբաղվում, իր հետ շինծու պայմանագիր է կնքել և տիրացել է իր անշարժ գույքին՝ այն գրանցելով մորաքրոջ տղայի անունով:

«Մեր տունն այժմ համարվում է Հրայր Բաբայանի սեփականությունը, բայց ես այդ մարդու հետ գործարք չեմ կնքել, ես Նունեի հետ եմ պայմանավորվել, իրենից եմ տոկոսով փող վերցրել»,- վստահեցնում է Սիրանուշ Չփլախյանը:

Նրա խոսքով՝ Նունե Պլուզյանը, օգտագործելով իր կապերը, կարողացել է այնպես անել, որ ոստիկանությունում և դատարանում որոշումներն իր օգտին կայացվեն: «Ես հավատում եմ, որ դատարաններն այլևս կողմնապահություն չեն անի, երբ տեսնեն, որ Նունեին հեռացրել են Կառավարությունից»,- Չփլախյանների մոտ հույս է արթնացել, որ իրենց գործն ի վերջո արդար է քննվելու:

Կարդացեք նաև

Ի դեպ, Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանն օրերս վարույթ է ընդունել Սիրանուշի քրոջ՝ Օֆելյա Չփլախյանի հայցադիմումը, որով նա պահանջում է չեղյալ համարել անշարժ գույքի առուվաճառքի շինծու պայմանագիրը: Դատարանը բավարարել է քաղաքացու միջնորդությունը և այժմ անշարժ գույքի վրա կալանք է դրված, այսինքն՝ Նունե Պլուզյանը չի կարողանա Չփլախյաններին վտարել իրենց տնից: Դատական նիստը նշանակված է փետրվարի 19-ին՝ ժամը 14:00-ին: Այն քննելու է դատավոր Տաթևիկ Ստեփանյանը:

Ինչ վերաբերում է Կառավարության արդեն նախկին աշխատակից Նունե Պլուզյանին, ապա նա պնդում է, թե Չփլախյանները շանտաժ են անում և որ ինքը կապ չի ունեցել այդ տան առուվաճառքի հետ:

Տեսանությում խաբված քաղաքացին դիմում է  ՀՀ վարչապետին:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս