«Ես չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ազարյանի նկատմամբ». Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու վերաբերյալ հարցին:

Իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ընդգծեց, որ գործադիր իշխանությունը չպետք է վերածվի չորրորդ ատյանի դատարանի:

Հարցին, թե ք Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, որ քննել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոխելու բողոքը և նրան անձեռնմխելիության հիմքով ազատ է արձակել, հարուցվելո՞ւ է կարգապահական վարույթ, նախարարը պատասխանեց, որ որպես Արդարադատության նախարար չի կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ազարյանի նկատմամբ:

«Բողոքը ներկայացված է Վճռաբեկ դատարան: Արդարադատության նախարարը, գործադիր իշխանությունը այստեղ չի կարող միջամտել»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարի խոսքով` իշխանության բոլոր ճյուղերը պետք է հավասարակշռվեն, փոխզսպվեն և հակակշռվեն իշխանության մյուս ճյուղերի կողմից:

«Արդարադատության նախարարություն ուղղված բողոքների քանակը հնգապատկվել է, և տեմպը չի նվազում: Եվ դրանց գերակշռող մասը բողոքներ են արդարությունից, արդարադատությունից: Մենք ունենք դատական ակտեր, որոնք մեզ պատճառաբանված և հիմնավոր չեն թվում: Մենք կգնահատենք այդ գործերով կարգապահական վարույթ հարուցելու հնարավորությունը օրենքով արդարադատության նախարարության վրա դրված գործառույթների և պարտականությունների շրջանակներում»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարի կարծիքով` գործադիր իշխանության միջամտությունը կհակասի արդար դատաքննության օբյեկտիվ իրավունքին:

«Միջամտությունը որևէ մեկին օգուտ կամ դեմ է լինելու, և խախտվելու է հավասարության սկզբունքը: Վերաքննիչ դատարանի դատական ակտերի օրինականությունը կարող է ստուգվել Վճռաբեկ դատարանի կողմից»,- եզրափակեց Զեյնալյանը:

Տեսանյութեր

Լրահոս