«Քոչարյանը քաղաքականություն վերադարձավ, ըստ էության, իր ձերբակալության առիթով». Աղասի Ենոքյան
Հարցազրույց Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ
– Պարոն Ենոքյան, «Երկիր մեդիային» տված իր վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե արդեն վերադարձել է քաղաքականություն։ Ձեր կարծիքով՝ նա ի՞նչ անելիք ունի քաղաքականությունում, ո՞վ է սպասում նրա վերադարձին։
– Քոչարյանը քաղաքականություն վերադարձավ, ըստ էության, իր ձերբակալության առիթով, և նրա անելիքը լինելու է՝ կենտրոնացնել բոլոր ուժերին, որոնք չեն սատարում կամ ունեն քննադատական վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի քաղաքականության այս կամ այն գծի հետ, նրանց բոլորի համար դառնալ բյուրեղացման կենտրոն։
– Կոնկրետ ո՞ր ուժերը կհամախմբվեն Քոչարյանի շուրջ։
– Բոլոր նրանք, որոնք ստորագրել են նրա ազատ արձակման համար, երաշխավորել են նրան, այսինքն՝ հանրապետականները, կմիանա նաև Դաշնակցությունը, որն արդեն դրա մասին բավականին երկիմաստ հայտարարություններ է անում, չեմ բացառում, որ նրան սատարի նաև ԲՀԿ-ն, մյուս քաղաքական ուժերից երևի ժամանակի ընթացքում ՕԵԿ-ը կմերձենա Քոչարյանին։ Այսինքն՝ այն բոլոր ուժերը, որոնք այսօր քննադատական վերաբերմունք ունեն Փաշինյանի կառավարությանը։
– Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ի՞նքն էլ կմիանա կամ կհամագործակցի Քոչարյանի հետ։
– Սերժ Սարգսյանն ինքը կարող է այլևս ակտիվ քաղաքականության մեջ չլինել, բայց նրա հետ աշխատած Հանրապետական կուսակցությունը, կարծում եմ, մեծ մասամբ կմիանա։
– Բայց Սարգսյանը շարունակում է ղեկավարել ՀՀԿ-ն։ Նա ի՞նչ շահ ունի Քոչարյանի հետ համագործակցելու։
– Չգիտեմ, գուցե Սերժ Սարգսյանն էլ միանա։ Դա ժամանակի ընթացքում ճշգրտվող հարց է, թե կոնկրետ ինչ անուններ կլինեն, բայց մոտավոր տենդենցը պարզ է այստեղ։ Սա, փաստորեն, մի կողմից էլ իրավիճակ է ստեղծում, որ Հայաստանում առաջանում է սև ու սպիտակ բաժանում՝ եթե Փաշինյանին չես սատարում, ուրեմն քոչարյանական ես, ու հակառակը, ինչը բավականին բարդ իրավիճակ է ստեղծում մնացած բոլոր ուժերի համար, այսինքն՝ նրանց, ովքեր ունեն որոշ տարաձայնություններ Փաշինյանի հետ, բայց նաև համամիտ չեն Քոչարյանի գործելակերպին կամ պատմությանը, որով նա առաջ է տարել Հայաստանը։
– Քոչարյանն ասում է՝ պահանջեք, որ գործընթացը լինի թափանցիկ։ Ենթադրաբար՝ խոսքն իր դատավարության մասին է։ Ի՞նչ կասկածներ կարող են այստեղ լինել։
– Ի՞նչ է նշանակում՝ «պետք է լինի թափանցիկ»։ Դա կախված է իրենից ու իր փաստաբաններից, որոնք կարող են գործընթացը դարձնել այնքան թափանցիկ, որքան թույլ է տալիս Քրեադատավարական օրենսգիրքը։
– Քոչարյանն ասում է, թե ներկայիս իշխանություններն ադեկվատ չեն գնահատում այն, ինչ կատարվում է Հայաստանից դուրս։
– Կա նման վտանգ, մենք տեսնում ենք, որ Փաշինյանի կառավարությունը 1-2 անգամ հայտնվել է արտաքին քաղաքական թակարդում, այսինքն՝ կա, իհարկե, նման փորձառության պակաս։ Եվ դրան կարելի է նաև, եթե դառնում ես խիստ ընդդիմադիր, այդպիսի խիստ գնահատականներ տալ։
– Հնարավո՞ր է, որ այստեղ նկատի ունի նաև իր հանդեպ, իր հետ կատարվողի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքը։ Մասնավորապես, Դուք Քոչարյանի հետ կատարվողի շուրջ ռուսական շրջանակների անհանգստություն նկատո՞ւմ եք։
– Եղավ նման անհանգստություն, ուղղակի քանի որ զուգահեռ մի քանի պրոցեսներ էին գնում, այդպես էլ ակնհայտ չեղավ, դա կապված էր Յուրի Խաչատուրովի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց, համենայն դեպս, զգացվեց, որ Ռուսաստանը գոհ չէ Քոչարյանին կալանավորելու՝ Հայաստանի իշխանությունների որոշումից։
– Նաև ասում է, թե միլիարդներ չունի։ Եթե միլիարդներ չունի, միլիոններ ունի։ Էականը ո՞րն է։
– Կարծում եմ՝ պետք է ասի, որ միլիարդներ չունի, եթե նույնիսկ ունենա էլ, բնական է, որ դրանք Հայաստանում չեն, և պետք չէ այստեղ փնտրել նրա գումարները։ Դժվար է ասել՝ նա ճի՞շտ է ասում, թե՞ սխալ, բայց ասում է մի բան, որը ՀՀ իշխանությունների համար դժվար կլինի հայտնաբերել ու հաշվել։
– Ամեն դեպքում նրա հակառակորդները պնդում են, որ Քոչարյանը նախագահի ամենաաղքատ թեկնածուն էր, հետո պաշտոնից հեռանալու ժամանակ, երևի թե, ամենահարուստ հայն էր Հայաստանում։
– Մի բան ակնհայտ է, որ Քոչարյանի ժամանակ է դրվել այն թրենդը, որ լինել իշխանություն, նշանակում է՝ թալանել։ Եվ այդ թալանող խմբի պարագլուխն էլ ինքն էր։ Այսինքն՝ ակնհայտ է, որ նա ամենաաղքատ նախագահը չէ։
– Քոչարյանի թիմակիցները նախկինում հայտարարել էին, թե ինքն իրեն մեղավոր չի համարում Մարտի 1-ի համար, իսկ այս հարցազրույցում էլ ինքն ասում է՝ «ոգիս տեղն է, վախ չունեմ, չեմ ունեցել ու չեմ ունենալու»։ Ի՞նչ է ակնարկում և ինչի՞ է հավակնում Քոչարյանը։
– Կարծում եմ՝ իրեն առաջադրված մեղադրանքը հնարավոր մեղադրանքներից նվազագույնն էր, որ պետք է առաջադրվեր Քոչարյանին։ Նրա դեպքը պետք էր շատ ավելի մանրամասն նայել և նրան ներկայացնել մեղադրանքների մի մեծ փունջ։ Գուցե՝ հենց այդ մեղադրանքով նա իրեն մեղավոր չի համարում։ Իսկ երբ ասում է, թե վախ չունի, ապա դա նշանակում է, որ հույս ունի լուրջ քաղաքական թիմ հավաքել ու քաղաքական պայքարի մեջ մտնել։ Բնականաբար, այդ դեպքում չի կարելի ասել, թե վախենում է ինչ-որ բաներից։
– Իսկ ժողովուրդը, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կընդունի Քոչարյանի այս հայտը։
– Ես կարծում եմ, որ ժողովրդի մեջ հիմնականում կա շատ մեծ բացասական վերաբերմունք Քոչարյանի նկատմամբ, այսինքն՝ եթե հաջողվի ընտրություններ անցկացնել, և եթե հաջողվի դրանք անցկացնել առանց ընտրակաշառքների, թափանցիկ ու արդար, ապա Քոչարյանը շատ քիչ ձայներ կհավաքի։ Կարծում եմ՝ նրան ձայներ կտան հին, կամ, որոնք հիմա էլ ներկա են, մանր ու միջին բյուրոկրատիայից նրանք, որոնք զրկվել են առօրեական կոռուպցիայից, ընդհուպ՝ սնվելու հնարավորությունից։