Տիգրան Ավինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե
ՀՀ քաղաքաշինության կոմիտե է այցելել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի ուղեկցությամբ փոխվարչապետը շրջել է աշխատասենյակներում, ծանոթացել քաղաքաշինական քաղաքականություն վարող մարմնի տարբեր ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, շրջայցն ավարտելուց հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հետ քննարկել է ոլորտի մի շարք հիմնախնդիրներ, խոսել դրանց լուծման ուղիների մասին:
Կառուցապատման նպատակով տրամադրվող թույլտվությունների էլեկտրոնային համակարգ ներդնելը մեկն է այն հարցերից, որի լուծման համար հարկավոր են որոշակի նախապայմաններ՝ այլ մարմինների տվյալների բազաների հետ ինտեգրում և դրա շնորհիվ փաստաթղթերի նույնականացում, գործող համակարգի արդիականացում և այլն:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը փոխվարչապետին ներկայացրել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նորարարական շինարարական տեխնոլոգիա է կիրառվելու: Նշված մեթոդով մինչև դեկտեմբերի 7-ը կառուցված ցուցադրական տունն իրականացվելու է էներգախնայող տեխնոլոգիաներով, որից հետո քննարկվելու է աղետի գոտու տարբեր բնակավայրերում մնացած տները նույն եղանակով կառուցելու հարցը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կարևորելով Քաղաքաշինության կոմիտեի դերն ու նշանակությունը, վստահություն է հայտնել, որ առաջիկայում կառույցի գործունեության հետևանքով լուրջ արդյունքներ են արձանագրվելու և ներկայացված բոլոր ծրագրերը նպաստելու են մեր երկրի շենացմանն ու բարգավաճմանը: