7 երեխա այսօր առաջին անգամ լսեց շրջապատի ձայները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Էրեբունի» բժշկական կենտրոնում  ներկա է եղել հնգամյա Մանեի` առաջին անգամ արտաքին աշխարհի ձայները լսելուն: Մանեն և ևս 6 երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել: Մեկ ամիս առաջ «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդություների բաժանմունքում կատարված ականջախեցու «Կոխլեար» փոխպատվաստումից հետո նրանց միացվել է նաև խոսակցական պրոցեսորը:

Արդեն տասը տարի է` Հայաստանում ծանրալսություն ունեցող 100-ից ավելի  երեխա ստացել է լսելու ու խոսելու հնարավորություն: 2004թ.-ից «Էրեբունի»  բժշկական կենտրոնում   կատարվում է բացառիկ վիրահատություն` ականջախեցու իմպլանտի տեղադրում. բոլոր վիրահատությունները բացառապես դրական ելքով են: Երկկողմանի ծանր լսողության և խլության դեպքում  «Կոխլեար» փոխպատվաստումը  ձայները լսելու միակ հնարավորությունն է: Ծրագիրը Հայաստանում իրականացնում են «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի մասնագետները` ԱՄՆ UCLA  կլինիկայի պրոֆեսոր  Ակիրա Իշիամայի հետ: Գործընկերը  «Հայկական միջազգային բժշկական կազմակերպություն-հիմնադրամ»-ն է, որի ղեկավարը հայազգի Սալբի Ագարակյանն է: Հենց այս հիմնադրամի օգնությամբ էլ ձեռք են բերվում թանկարժեք իմպլանտները:

Էրեբունիում անցկացված միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: Ճապոնիայի դեսպանատան և «Հավատ» ՀԿ-ի համատեղ ջանքերի շնորհիվ հանրապետության բոլոր ծննդատներն ապահովվում են նորածինների լսողության հետազոտման ախտորոշիչ սարքավորումներով: Մինչ օրս լսողության սքրինինգ իրականացվել է հանրապետության ծննդատների 48%-ում, որտեղ ծնվել է երեխաների 63%-ը: Դա նշանակում է, որ այդ երեխաների համար առկա չէր լսողության խնդիրների վաղ հայտնաբերման հնարավորություն: Այս խնդիրն արդեն հետևում կմնա: Հետայսու հանրապետությունում կունենանք նորածինների լսողության սքրինինգի հարյուրտոկոսանոց ծածկույթ:

Տեսանյութեր

Լրահոս