Բաժիններ՝

Փրինսի ալբոմի հազվագյուտ նմուշօրինակը վաճառել են ռեկորդային գումարով. Guardian

Ամերիկացի երաժիշտ Փրինսի (1958-2016 թթ.) The Black Album լիաֆորմարտ ալբոմի հազվագյուտ նմուշօրինակը վաճառվել է ռեկորդային գումարով՝ 27,5 հազար դոլարով: Ինչպես հայտնել է The Guardian թերթը, դա դարձել է աշխարհում երաժշտական պորտալների խոշորագույններից մեկի՝ Discogs-ի ռեկորդը:

Վաճառված նմուշօրինակը թվագրված է՝ 1987 թվականով, թեեւ The Black Album-ի պաշտոնական ռելիզը կայացել է միայն յոթ տարի անց՝ 1994 թվականին: Փրինսը դա բացատրել է նրանով, որ 80-ական թվականների վերջին ինքը մտքի պայծառացում է ունեցել, եւ ինքը չեղարկել է սկավառակի պլանավորված թողարկումը, իսկ արդեն տպագրված օրինակները կարգադրել Է ոչնչացնել:

«Ես հանկարծակի գիտակցեցի, որ մենք կարող ենք ցանկացած պահի մեռնել, իսկ մեզ դատելու են այն վերջին բանով, որը մենք թողել ենք մեզանից հետո: Ես չէի ցանկանա, որ այդ չար, կծու իրը (The Black Album ալբոմը) դառնա հենց այդ ամենավերջինը»,- խոստովանել է երաժիշտը Rolling Stone ամերիկյան երաժշտական հանդեսին տված հարցազրույցում:

Discogs-ում վաճառված սկավառակը հատուկ արժեք է ներկայացնում նաեւ նրանով, որ մտնում էր այն 500-հազարանոց տպաքանակի մեջ, որը Փրինսը կարգադրել էր ոչնչացնել: Աշխարհում նման նմուշօրինակներն ընդամենը մի քանիսն են, եւ դրանցից մեկը պահպանել է Տորոնտոյի վինիլային սկավառակների ֆաբրիկայի նախկին աշխատողը, որը միջնորդի միջոցով նմուշօրինակն անանուն վաճառել է կայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս