Տիգրան Բալայանի պատասխանը՝ Մոսկվայից հնչող գնահատականներին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին
– Պարոն Բալայան, Հայաստանում բուռն արաձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Ինչպե՞ս մեր հասարակությանը կբացատրեք այդ արձագանքները։
– Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։
Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։
Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։
Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին։