«Եթե ռազմաբազայի հրամանատարությունը չի տեղեկացրել բնակչությանը, ապա հրամանատարը պետք է ՌԴ ՊՆ-ի կողմից պատասխանատվության կանչվի». Նորատ Տեր-Գրիգորյանց
«Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը պարտավոր է սերտ համագործակցել ՀՀ Պաշտպանության նախարարության և այն տեղանքի բնակչության հետ, որի հարևանությամբ անցնելու է վարժանքը կամ զորավարժությունը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց 1992–1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով օրերս Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականների հետ կապված միջադեպին:
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց նախապես զգուշացնելու՝ ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկ գյուղում։ Համայնքի փողոցներում պայթյուններ, կրակոցներ են հնչել։ Գյուղացիները խուճապի են մատնվել, քանի որ զորավարժանքի մասին տեղեկացված չեն եղել։ Անդրադառնալով միջադեպին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տեղի ունեցածը սադրանք է՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և Հայաստանի ինքնիշխանության։ «Կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն, պատասխանատվության ենթարկվեն»,- ասել էր վարչապետը։
Նորատ Տեր-Գրիգորյանցը նշեց, որ ռուսական 102-րդ ռազմական բազայի պայմանագրով նախատեսվում է, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, նախարարը, Գլխավոր շտաբի պետը կոորդինացնում են, ղեկավարում այդ աշխատանքը, համագործակցում ռազմական բազայի հրամանատարության հետ, և, եթե այնտեղ զորավարժություններ են սկսվում, ապա ՀՀ Պաշտպանության նախարարը տեղյակ է, նույնիսկ պարտավոր է մասնակցել:
Իսկ ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը, ըստ գեներալ-լեյտենանտի՝ պարտավոր է սերտ համագործակցել ՀՀ Պաշտպանության նախարարության և այն տեղանքի բնակչության հետ, որի հարևանությամբ անցնելու է վարժանքը կամ զորավարժությունը:
«Ռազմաբազայի հրամանատարությունը պետք է այնպես անի, որ այնտեղ մեկ ընտանիքի նման ապրեն, վստահեն իրենց: Եթե հրամանատարությունը չի տեղեկացրել տեղի բնակչությանը, չի համագործակցել, ապա հրամանատարը պետք է ՌԴ ՊՆ-ի կողմից պատասխանատվության կանչվի, քանի որ դրանով վիրավորել է տեղի բնակչությանը, մեծ սխալ է գործել, դա կոպիտ սխալ է, այնինչ պետք է հարգի բնակչությանը»,- նման կարծիք հայտնեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Նա նաև պարզաբանեց, որ վարժանքները բնակելի տարածքներում, գյուղերում չեն անցկացվում, պոլիգոնները կարող են անցնել բնակելի տարածքներով կամ դրանց կողքով:
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների գնահատականներին, ապա, գեներալի համոզմամբ, ՀՀ վարչապետը մինչ նման մեկնաբանությունները պետք է զանգահարեր ՌԴ նախագահին կամ վարչապետին, կամ ՀՀ Պաշտպանության նախարարը պետք է կապ հաստատեր իր ռուս գործընկերոջ հետ՝ իրավիճակը քննարկելու համար, եթե կարիք կա՝ հորդորեր չխախտել պայմանագրի դրույթները:
«Գուցե տեղին չէ սադրանք որակել տեղի ունեցածը, քանի որ չի բացառվում, որ, օրինակ, հրամանատարը տեղյակ չէ պայմանագրի դրույթներից, որի արդյունքում խախտում է արել, այսինքն` այս միջադեպն անտեղյակության հետևանք է: Այդ հրամանատարն իրավունք չուներ նման սխալ գործել, բայց ՀՀ Պաշտպանության նախարարությունը ևս պետք է գործի: Ես եմ այդ բազան ստեղծել, այն ապահովում է Հայաստանի և Ռուսաստանի անվտանգությունը, սա շատ լուրջ ու կարևոր է, նման սխալներ չի կարելի թույլ տալ: Վարչապետը պետք է ցուցումներ տար Պաշտպանության նախարարին՝ կապ հաստատել ռուսական կողմի հետ, ավելին, Տոնոյանն առանց սպասելու վարչապետի հորդորին՝ պետք է զանգահարեր ՌԴ ՊՆ-ին և վարչապետին տեղեկացներ, թե ինչ է տեղի ունեցել և ինչպես է իրավիճակը հարթվել»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը: