Բաժիններ՝

Աշխատավարձերը Հայաստանում` նոր մեթոդաբանությամբ

2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 167 223 դրամ։ Այդ թվում՝ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 138 654 դրամ, իսկ ոչ պետական հատվածում՝ 185 202 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցից։

Նախորդ տարվա ապրիլի համեմատ միջին աշխատավարձն աճել է 3.7%-ով։ Պետական հատվածում աճն ընդամենը 0.4% է, իսկ ոչ պետական հատվածում՝ 4.8%։

Համեմատաբար խոշոր՝ 50 և ավելի աշխատող ունեցող ընկերություններում միջին ամսական անվանական աշխատավարձն ավելի բարձր է՝ 199 769 դրամ։ Այդ թվում, պետական հատվածում միջին աշխատավարձը 157 735 դրամ է, ոչ պետական հատվածում՝ 231 700 դրամ։

Աշխատավարձերի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ մի կարևոր փոփոխություն։ Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեն, հիմնվելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման տվյալների բազայի վրա, 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի կիրառմանը:

Ու եթե նախկինում ցուցանիշները հաշվարկվում էին ամսական վիճակագրական մշտադիտարկմամբ ընդգրկված մոտ 4 500 խոշոր և միջին կազմակերպությունների շուրջ 370 000 վարձու աշխատողների նույնանուն տվյալների հիման վրա, այժմ միջին ամսական աշխատավարձի ստորև ներկայացվող ցուցանիշները հաշվարկվում են մոտ 36 000 կազմակերպությունների ավելի քան 500 000 վարձու աշխատողների աշխատանքի վարձատրության տվյալների հիման վրա:

Տեղեկատվության աղբյուրի փոփոխության հետևանքով կազմակերպությունների ծածկույթի շեշտակի աճով և կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված, օբյեկտիվորեն առաջացել է միջին աշխատավարձի ցուցանիշի ժամանակագրական շարքերի որոշակի խզում։ Այնպես որ, ինչպես նշվում է ՎԿ զեկույցում, նախկինում հրապարակվող ամսական ցուցանիշների հետ առավել համադրելի են ՀՀ ՊԵԿ տվյալների բազայի 50 և ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների միջին աշխատավարձի ցուցանիշները`հաշվի առնելով, որ նախկին տվյալների բազայում մինչև 50 աշխատող ունեցող կազմակերպությունների ընդգրկվածությունը համեմատաբար փոքր էր, իսկ նախկինում հրապարակվող տարեկան ցուցանիշների հետ՝ 1 և ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների միջին աշխատավարձի ցուցանիշները:

Ըստ ոլորտների դիտարկելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր վարձատրվող ոլորտը շարունակում է մնալ տեղեկատվությունը և կապը՝ միջին ամսական աշխատավարձն այստեղ 2018թ. ապրիլին 446 451 դրամ է եղել։ 2017 թվականի համեմատ տեղեկատվության և կապի ոլորտի միջին աշխատավարձն աճել է 22.4%-ով։

Ընդ որում, տեղեկատվության և կապի ոլորտում գործող 50 և ավելի աշխատող ունեցող ընկերություններում միջին աշխատավարձն ավելի բարձր է՝ 546 797 դրամ (աճը՝ 30.9%):

Երկրորդ տեղում հանքագործական արդյունաբերության  և բացահանքերի շահագործման ոլորտն է։ Միջին ամսական աշխատավարձն այստեղ 373 506 դրամ է, ինչը 15%-ով բարձր է նախորդ տարվա ապրիլի ցուցանիշից։

Ամենաբարձր աշխատավարձ վճարող երրորդ ոլորտը ֆինանսական և ապահովագրական գործունեությունն է։ Միջին աշխատավարձն այստեղ 2018 թվականի ապրիլին 359 681 դրամ է, ինչը 2.5%-ով բարձր է մեկ տարի առաջվա ցուցանիշից։

Նշենք, որ այս ոլորտի պետական հատվածում աշխատավարձն ավելի բարձր է (442 325 դրամ), քան ոչ պետական հատվածում (355 486 դրամ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս