Հաշմանդամություն ունեցող անձանց համար կհրապարակվեն Երևան քաղաքի մատչելի ընտրատեղամասերի հասցեները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների ժամանակ կհրապարակի Երևան քաղաքի այն տեղամասերի հասցեները, որոնք ավելի մատչելի են ֆիզիկական դժվարություններ ունեցողների համար:
Վարչապետին առընթեր «Ընտրական օրենսգրքի» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների թեմայով քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Transparency international հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:
«Հաշմանդամություն ունեցողների համար ընտրատեղամասերում խնդիրները նոր չեն ի հայտ եկել, և դրանք առկա են նաև մեր իրականության և օրենսգրքի մեջ: Այս Ընտրական օրենսգիրքն ունի դրույթ, համաձայն որի քվեարկության մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար Ընտրական հանձնաժողովը պարտավոր է լրացուցիչ հնարավորություններ սահմանել»,- նշեց Տիգրանյանը:
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, թե որքանով են սահմանված կամ լրացուցիչ հնարավորությունները մատչելիություն ստեղծում տեղամասի կամ քվեարկությունն իրականացնելու առումով:
Հերիքնազ Տիգրանյանը տեղամասային կենտրոնը ձևավորելու վերաբերյալ ընդգծեց, որ պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել, որպեսզի այդ սենյակները, հնարավորության դեպքում, տեղակայված լինեն տվյալ շենքի առաջին հարկում:
«Այս ամենը ֆիզիկական տեղաշարժի դժվարություններ ունեցող անձանց համար տեղամասային կենտրոններ մուտք գործելու, ինչպես նաև շարժասայլակներով տեղաշարժվելու հնարավորություն կապահովի»,- ասաց Transparency international հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուն:
Որոշում է կայացվել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակի Երևանի այն ընտրատեղամասերի հասցեները, որոնք ավելի մատչելի են, և ֆիզիկական դժվարություններ ունեցողները ծանոթանան այդ տեղամասերին և քվեարկություն կատարեն հենց այդ տեղամասերում: Այս հարցում աջակցելու է նաև ոստիկանությունը: