Իշխանությունը պետք է խստացնի երթևեկության կանոնների պահպանումը․ ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվն աճել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խիստ վերահսկողության հրամայական Կառավարության մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո ճանապարհային ոստիկանությունը մեղմացրել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականությունը: Միայն թե դրանից հետո հատկապես մայրաքաղաքում ճանապարհային երթեւեկությունը դարձել է գրեթե անվերահսկելի: Իսկ պատահարների վիճակագրությունը պարզապես մտահոգիչ է. դրանք ավելացել են գրեթե երկու անգամ, հատկապես հունիսին:

Բանն այն է, որ մայիսի 23-ին ՀՀ մի շարք բնակավայրերից, մայրաքաղաքի մի շարք փողոցներից հանվել են արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը, եւ վարորդները շատ հաճախ մեքենաները վարում են, մեղմ ասած, անկանոն: ՀՀ ՃՈ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այս տարվա ապրիլին ՀՀ-ում գրանցվել է 283 ՃՏՊ, որի արդյունքում եղել է 26-ը զոհ, 409 վիրավոր:

Մայիսին գրանցվել է 311 ՃՏՊ, 14 զոհ, 442 վիրավոր: Հունիսին ՃՏՊ-ի թիվը կտրուկ աճել է` դառնալով 349, զոհերի թիիվը 24 եւ վիրավորներինը` 541: Մինչդեռ 2017թ ապրիլին նույն ՃՈ-ի կողմից արձանագրվել է 264 ՃՏՊ, որից 20 զոհ, 367 վիրավոր, մայիսին ՃՏՊ-ների թիվը եղել է 269, 22 զոհ, 406 վիրավոր, հունիսին եղել է 332 ՃՏՊ, 25 զոհ, 454 վիրավոր:

Իսկ ահա հուլիսի 1-ից մինչեւ 11-ը ներառյալ այս տարի արձանագրվել է 169 ՃՏՊ, որից 15 զոհ, 238 վիրավոր, նախորդ տարի՝ 123 ՃՏՊ, 16 զոհ 178 վիրավոր: Դեռ պարզ չէ՝ արդյոք ՃՏՊ-ների քանակը ավելացել է հենց այն վայրերում, որտեղից հանվել են արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը: ՃՈ-ում այս թեմայով ուսումնասիրություններ եւ վերլուծություններ են արվում: Բայց պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված թվերը հուշում են, որ իշխանությունը պետք է որոշակի խստացնի երթեւեկության կանոնների պահպանմանը հետեւելը: Այլընտրանքը՝ ՃՏՊ-ների, դրանց հետեւանքով՝ զոհերի թվի աճն է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս