Սերժ Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրենին
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին:
Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես՝ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացմանը նպաստելու գործում:
Նա վստահություն հայտնեց, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը նաև օգտակար կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության համար: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հանրապետականը շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այդպես էլ բազմակողմ և երկկողմ այլ բոլոր միջազգային ձևաչափերում:
Նա նաև կարևորեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հանրապետականի համատեղ ուժերով մշակվող ՀՀԿ բարեփոխումների ծրագիրը»,- գրել է Աշոտյանը: