«Դժվար է պատկերացնել, որ նախարարների հանդիպումից հետո իրավիճակ կփոխվի»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Նախարարների հանդիպումը բացառիկ է մի քանի տեսանկյունից։

Նախ՝ սա նորանշանակ ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի առաջին հանդիպումն է Մամեդյարովի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, և առաջին հանդիպումը ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երկրորդ՝ վերջին ամիսներին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ընդհատումից հետո բրյուսելյան հանդիպումն է, և երրորդ՝ սա մի հանդիպում է, որը տեղի է ունենում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի աննախադեպ ռազմական նախապատրաստությունների ֆոնին, ու չորրորդ՝ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք Թրամփ-Պուտին գագաթաժողովից առաջ։
Հիշեցնենք, որ մամուլում շատ է քննարկվում, որ Թրամփ-Պուտին գագաթաժողովի օրակարգում ընդգրկվելիք հարցերի ցանկում ներառված է նաև ԼՂ հակամարտության հարցը:

Բրյուսելում կայանալիք հանդիպումից առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի արած հայտարարությունը հույս չի ներշնչում, որ հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցնելու։ Նա նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ հակամարտության կարգավորումը տարածաշրջանային համագործակցության հնարավորություններ կստեղծի, ինչի կարիքն ամենաշատը Հայաստանն ունի, և տարածաշրջանում կայուն խաղաղություն կապահովի: Նա ասել է, որ «ուշադրությամբ և զսպվածությամբ» հետևելով Հայաստանի քաղաքական գործընթացներին, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ, «եթե Հայաստանում իշխանության եկած նոր ուժերը ողջամիտ քաղաքականություն վարեն, ապա հակամարտության կարգավորման գործընթացում կարելի է առաջընթացի հասնել: Եթե նրանք ևս գնան Սարգսյանի ռեժիմի ճանապարհով, ապա նրանց սպասում է նույն ճակատագիրը»,- ընդգծել է Մամեդյարովը՝ կրկին պնդելով, որ հակամարտության կարգավորման գործընթացի առաջխաղացման համար հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «օկուպացված տարածքներից»:

Օրերս «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել էր ՀՀ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը, որ որոշիչ ձայնը ղարաբաղյան կողմինն է․ «Հայաստանն ինչ էլ պայմանավորվի, առանց Ղարաբաղի ձայնի՝ կարգավորումը բնական չի լինելու, կարգավորումը կայուն և տևական չի լինելու: Ղարաբաղի ձայնը չափազանց էական է, և եղել և մնում է այդ սկզբունքն օրակարգում»: Նա նաև հստակեցրել էր, որ հայկական կողմը բանակցությունների սկզբունքների առումով փոփոխություններ չունի:

Ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ չնայած Թրամփն ու Պուտինը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ են, առաջիկա գագաթաժողովը նրանց առաջին հանդիպումն է լինելու վերջին մի քանի տարիների ընթացքում: Հաշվի առնելով հարաբերությունների լարվածությունը, խնդիրները Սիրիայում, Ուկրաինայում, Ղրիմի, ՆԱՏՕ-ի շուրջ, ըստ Սթրոնսկու՝ նախագահները, քիչ հավանական է, որ անդրադարձ կատարեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«ԼՂ հակամարտության դեպքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումներում քիչ թե շատ հասկանալի իրավիճակ է, ռուս-ամերիկյան ջանքերն այստեղ սովորաբար համատեղ են, ամերիկյան կողմն ունի իր դիրքորոշումը, համապատասխան աշխատանքն իրականացնում է համանախագահը, և ԱՄՆ նախագահները սովորաբար այս հակամարտության հարցում անձնական միջամտություն չեն ցուցաբերում: Չնայած այս կարծիքը կասկածի տակ հայտնվեց այն բանից հետո, ինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում խոսել էր կարգավորման գործընթացում ստեղծվելիք հնարավորության մասին:

Չնայած այս նամակի բովանդակությանը, կարծում եմ` հերթը ԼՂ հակամարտությանը չի հասնի: Միացյալ Նահանգների համար ներկայումս այս գոտում կայունության պահպանումն է, Հարավային Կովկասում ԱՄՆ-ը ունի որոշակի շահեր ու հետաքրքրություններ, բայց դրանք առաջին տեղում չեն»,- նման կարծիք հայտնեց Փոլ Սթրոնսկին:

Ինչ վերաբերում է Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը, ապա Սթրոնսկու խոսքով՝ լավատեսության հիմքեր գրեթե չկան: «Խնդիրն առավելապես Հայաստանի և Ադրբեջանի դաշտում է, քանի որ համանախագահներն ընդհանուր առմամբ չեն խոչընդոտում, այլ միասնաբար աջակցում են լուծման փնտրտուքին: Կարծում եմ` անորոշ արդյունքներ ենք ունենալու այս հանդիպումից: Առանց այն էլ բարդ բանակցություններում բանակցող է փոխվել, կարծում եմ` հանդիպումն առավելապես ծանոթություն կլինի, շփման փորձ դիվանագետների միջև»,- նկատեց Սթրոնսկին:

Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թրամփն ու Պուտինն այս ձևաչափով հանդիպելու են երկար դադարից հետո, չի բացառվում, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ևս քննարկվի նախագահների կողմից, քանի որ իրավիճակը հակամարտության գոտում այնքան էլ խաղաղ չէ:

«Ավելին, որոշ տեղացի վերլուծաբանների պնդմամբ՝ նախապատերազմական է: Կարծում եմ` նախագահները կշրջանցեին այս թեման, եթե իրավիճակն այսպիսին չլիներ: Հաշվի առնելով իրավիճակն աշխարհում, այս գագաթաժողովի արդյունքում նախագահները կարող են համաձայնեցնել միմյանց դիրքորոշումները ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակի վերաբերյալ: Կարծում եմ` այսօր որևէ կենտրոնի ձեռնտու չի կարող լինել պատերազմը Ղարաբաղում, և այն տեղի չի ունենում հենց այդ պատճառով, քանի որ չկա արտաքին աջակցություն:

Թրամփ-Պուտին հանդիպումից հետո հնարավոր է Ղարաբաղի ուղղությամբ բարձր մակարդակի հանդիպման նախաձեռնություն լինի, քանի որ նման մտադրություն էր հայտնել վերջերս ԱՄՆ նախագահը: Չեմ բացառում, որ Թրամփի այդ մտադրությունն իրականություն դարձնի ՌԴ նախագահը, ով ավելի մեծ ազդեցություն ունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ»,- ասաց Ռարը:

Նրա խոսքով, ավելի մեծ են ակնկալիքները նախագահների հանդիպումից, քան նախարարական: «Դժվար է պատկերացնել, որ նախարարների հանդիպումից հետո իրավիճակ կփոխվի: Սա այն մակարդակը չէ, որ իրավիճակ փոխի»,- ասաց Ռարը:

Խոսելով հակամարտության գոտում ստեղծված փխրուն իրավիճակից` Ռարն ասաց, որ կա պատերազմի վերսկսման վտանգ:

«Բայց կարծում եմ` այստեղ որոշիչ են լինելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները, որոնք կանխարգելիչ նշանակություն կունենան հնարավոր լարման դեպքում: Ներկայիս չվերսկսման հարցում ևս գտնում եմ, որ կա գերտերությունների զսպող դերակատարությունը: Կարծում եմ` այս հարցն ամենաբարձր մակարդակով պետք է քննարկվի, և կազմակերպվի բարձր մակարդակի հանդիպում ներկայիս վտանգավոր իրավիճակը վերացնելու նպատակով, քանի որ պատերազմը տարածաշրջանում և աշխարհում դժվարությունների նոր փուլ կստեղծի, որին պատրաստ չեն Ռուսաստանն ու ԱՄՆ-ը»,- ասաց Ռարը:

Տեսանյութեր

Լրահոս