Մանվել Գրիգորյանի հանդեպ խոշտանգման փաստը դեռ պետք է հաստատվի

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր հայտարարել է, թե Գրիգորյանի նկատամամբ կիրառվում է խոշտանգում. «Պետական լիազոր մարմինները, առանց քննության առնելու անձի հիվանդությունները, վերցրել են արգելանքի տակ, որը միջազգային իրավանորմով դասվում է պետության կողմից կիրառվող անմարդկային ծանր հանցագործությունների թվին և կոչվում է անձի խոշտանգում։ Մանվել Գրիգորյանն ինքն է շահագրգռված, որ քննությունն ընթանա օբյեկտիվ, որի արդյունքում բազմաթիվ հարցերի պատասխան կտրվի՝ ինչպես ապօրինի զենքի, այնպես էլ՝ 7 միլիոն դրամի յուրացման փաստով»,- ասել է փաստաբանը։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անթույլատրելի համարեց որևէ մեկի նկատմամբ խոշտանգումը։ Ըստ նրա՝ բոլոր պարագաներում խոշտանգումներից ազատ լինելու իրավունքը բացարձակ իրավունք է։ Սակայն, ինչպես ընդգծեց Լ.Ալավերդյանը, դեռ պետք է հաստատվի, որ խոշտանգման փաստ առկա է։ Այդ նպատակով նա հորդորեց շուտափույթ դիմել ՄԻՊ-ին և մոնիտորինգային խմբին, որ անմիջապես այցելություն կատարեն և դադարեցնեն նախ և առաջ մարդու հանդեպ անմարդկային վերաբերմունքը և պետության հանդեպ անթույլատրելի հանցագործություն գործելը, որի մասին հասարակությունը պետք է տեղյակ լինի։

«Առողջական խնդրի դեպքում այլ միջոց կա՝ հիվանդանոց տեղափոխելն է, ոչ թե խցում պահելը»,- ասաց Լ.Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ երբ «խոշտանգում» եզրույթն են օգտագործում, դրա տակ հասկանում են 3 բան՝ խոշտանգում, դաժան վերաբերմունք և անմարդկային ու այլ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք կամ պատիժ.

«Տվյալ դեպքում խոսքը վերաբերմունքի մասին է։ ՄԻԵԴ-ն ունի բավականին հստակ նախադեպային ուժ ունեցող երևույթներ, որտեղ տարբերակվում է խոշտանգումը, դաժան վերաբերմունքն ու անմարդկային կամ նսեմացնող վերաբերմունքը։ Տվյալ դեպքում այդ ձևը, որը, գտնում են, որ խոշտանգում է, կապ չունի, եթե անգամ ես դա անվանում եմ դաժան վերաբերմունք, միևնույն է, դա անթույլատրելի է, որովհետև ամբողջական իրավունքը՝ այդ ամենից ազատ լինելը, բացարձակ իրավունք է։ Թե դատարանը կորոշի ինչպես մեղմել և վերաբերմունքը համապատասխանեցնել վիճակին, դա այլ խնդիր է»։

ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղեկություն չունի Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ։

Ըստ նրա՝ բազմաթիվ կալանավորներ և դատապարտված անձինք կան, որ քաղցկեղով հիվանդ են, և որևէ մեկը որևէ մեկից չպետք է տարբերվի, և դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում կան բժշկական հնարավորություններ, իսկ եթե ոչ, ապա օրենքը թույլ է տալիս քաղաքացիական հիվանդանոցում ևս բուժում ստանալ, բայց մնալ կալանքի տակ։ Նրա խոսքով՝ տարբերակները բազմաթիվ են, փաստաբանները գիտեն այդ ընթացակարգերը, կարող են դրանցից որևէ մեկով դիմել Արդարադատության նախարարություն, սահմանված կարգով քննարկվի։

«Բազմաթիվ դատապարտյալներ կան, որ տարբեր ծանր հիվանդություններով տառապում են։ Եթե այդպես լինի, բոլորը պետք է ազատ արձակվեն։ Դրա համար էլ գոյություն ունի դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ, որտեղ ստացիոնար բուժում կա»,- ասաց պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս