Մանվել Գրիգորյանի պաշտպանն ահազանգում է, որ իր պաշտպանյալին խոշտանգում են. նա հորդորում է Նիկոլ Փաշինյանին՝ ներողություն խնդրել

«Այն քաղաքական, հասարակական մթնոլորտը, որը ձևավորված է Մանվել Գրիգորյանի շուրջ, չի կարող բարենպաստ անդրադառնալ գործի օբյեկտիվ քննությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ երբ օդում առկախում են ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հաշվեհարդար տեսնել, վերացնել, ցեղը ջնջել, դա արդարադատություն չէ, ինքնադատաստան է։

«Ասել, որ մինչև այս քրեական գործը Մանվել Գրիգորյանը մարդկանց մոտ ասոցիացվել է որպես դրական կերպար, նշանակում է՝ ստել։ Այո, Մանվել Գրիգորյանի անձի շուրջ պտտվել են բազմապիսի ասեկոսեներ, բայց նույն Մանվել Գրիգորյանի մասին սպարապետ Վազգեն Սարգսյանը պաշտոնապես արել է հետևյալ հայտարարությունը, որ Արցախյան հերոսամարտի ժամանակ 1994 թվականին պատերազմի 60 տոկոսը եղել է Մանվելի ուսերին»,- նշեց փաստաբանը՝ թվարկելով իր պաշտպանյալի սխրագործությունները։

Ըստ նրա՝ բոլորը, առանց բացառության ուրացան, Մ. Գրիգորյանին։

Նա հայտարարեց, որ այսօր Մ. Գրիգորյանի նկատամամբ կիրառվում է խոշտանգում. «Պետական լիազոր մարմինները, առանց քննության առնելու անձի հիվանդությունները, վերցրել են արգելանքի տակ, որը միջազգային իրավանորմով դասվում է պետության կողմից կիրառվող անմարդկային ծանր հանցագործությունների թվին և կոչվում է անձի խոշտանգում։ Մանվել Գրիգորյանն ինքն է շահագրգռված, որ քննությունն ընթանա օբյեկտիվ, որի արդյունքում բազմաթիվ հարցերի պատասխան կտրվի՝ ինչպես ապօրինի զենքի, այնպես էլ՝ 7 միլիոն դրամի յուրացման փաստով»։

Փաստաբանը նաև բաց նամակով դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ վարչապետի խոսքի ուժն այսօր այնքան հզոր է, որ կարող է հերոսին ներկայացնել՝ որպես ազգի տականք, իսկ տականքին՝ ազգի հերոս:

«Օրեր առաջ Ձեր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեցիք հետևյալը, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը միայն կապված չէ զենք-զինամթերքի հետ, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ սնունդ յուրացնելու, գողություն անելու մեջ: Այնուհետև, խորացնելով Ձեր միտքը, մատ եք թափ տալիս դատարանների վրա՝ ասելով՝ անկախ եք, բայց նայեք, հանկարծ չսխալվեք, ստուգելու ենք, և այլն: Ի՞նչ եք կարծում, ըստ իս՝ Ձեր կանխակալ կարծիքը լսելուց հետո, հին մեթոդներով աշխատող և իներցիայով շարժվող պետական լիազոր մարմինները և դատարանները ի՞նչ պետք է անեն:

Օրենքի կոպտագույն խախտումներով անգամ կամակատար դատարանն իր որոշումներից մեկում մոռացել էր ամսաթիվ դնել որոշման տակ: Ձերբակալում են բազմաթիվ հիվանդություններ ունեցող անձին և կալանավորում են: Ձեր հայտարարությունից հետո հասարակության մի լայն զանգված ատելությամբ է լցվում դեպի Մանվել Գրիգորյանն ու նրա ընտանիքը, համացանցը լցվում է նրա և նրա մերձավորների ընտանիքների նկատմամբ հաշվեհարդարի կոչերով, սպառնալիքներով, ընդհուպ՝ հաշվեհարդարի կոչերով նրա կողքին կանգնող իրավապաշտպանների նկատմամբ»,- հայտարարեց Լ. Բաղդասարյանը:

Նա բաց նամակում նաև նշել է, որ, եթե անձը մեղադրվում է առերևույթ ծանր հանցագործություն կատարելու մեջ, և դա երկրի առաջին դեմքի կողմից հրապարակայնորեն հայտարարվում է, որից հետո պետական լիազոր մարմինները լծվում են նրա ասածը սրբագրելու, ապա Հայաստանում նմանօրինակ հնչեղ գործերով չի կարող լինել արդարադատություն:

«Ստեղծեք նախորդ դարի 30-ական թվականների տրոյկաները, իսկ մեղադրվող անձին հրապարակայնորեն կախեք, վառեք, քառատեք: Մեծարգո պարոն վարչապետ, անկախ անձի կատարած հանցանքի տեսակից ու չափից, երբ նա ունի կալանքի հետ կապված անհամատեղելի հիվանդություններ, պետության կողմից նրան կալանավորելը դիտվում է ծանր հանցագործություն և համարվում է խոշտանգում այդ անձի նկատմամբ:

Դիմելով Ձեզ՝ ակնկալում եմ՝ հրապարակային հանդես գալ և կոչ անել ժողովրդին՝ դադարեցնել տարբեր բնույթի ու տեսակի հաշվեհարդարների կոչերը Մանվել Գրիգորյանի և նրա ընտանիքի, մերձավորների նկատմամբ, հրապարակայնորեն դիմել իրավապահ մարմիններին՝ կատարելու օբյեկտիվ քննություն, և եթե կապացուցվի անձի կամ անձանց մեղքն այդ զազրելի հանցագործության մեջ, պատժել օրենքի ողջ խստությամբ, հանձնարարել, որպեսզի տան բժշկական օբյեկտիվ եզրակացություն Մանվել Գրիգորյանի կալանքի օրինաչափությանը՝ կապված իր հիվանդությունների հետ, հաշվի առնելով, որ Մանվել Գրիգորյանին հրապարակայնորեն մեղադրել եք մի բանում, որը պետք է ապացուցվի միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, որը Ձեր հայտարարության պահին բացակայել է, որով վիրավորել և զրպարտել եք Մանվել Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունը, հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից, հրապարակային հայտարարեք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններին չվիրավորեն, չահաբեկեն, չնույնականացնեն իրենց պաշտպանյալի հետ, հայտարարեք, որ արդարադատության, իրավունքի կայացման գործում հեգեմոն դեր ունի իրավապաշտպանը»,- հայտարարեց Մ. Գրիգորյանի պաշտպանը:

Հարցին՝ ի՞նչ հիվանդություններ ունի Մ. Գրիգորյանը, որոնք անհամատեղելի են նրան կալանավորելու հետ՝ փաստաբանն այսպես պատասխանեց. «Ե՛վ մեր երկրի օրենքը՝ Սահմանդրությունը, և՛ Եվրոպական  կոնվենցիան, և՛ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, փաստում են հետևյալը. Երբ անձը հայտարարում է, որ ինքը տառապում է հիվանդությամբ, պետական լիազոր մարմինն ուղղակի պարտավոր է ստուգել վերջինիս ասածի իսկությունը։ Մանվել Գրիգորյանը տառապում է այնպիսի երկու հիվանդություններով, որոնք, իմ կարծիքով, ընդգրկված են ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ, որով անհամատեղելի է վերջինիս արգելանքի տակ վերցնելը՝ կալանավորելը»։

Լրագրողներից մեկի ճշտող հարցին, թե որո՞նք են այդ հիվանդությունները՝ փաստաբանը պատասխանեց, որ քաղցկեղի և շաքարային դիաբետի համապատասխան աստիճաններ, որոնք ինքը չի կարող ճշգրիտ ասել։

Փաստաբանը նաև հավելեց, որ իրենք դեռևս սպասում են, որ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը կհայտնի, իսկ չհայտնելու դեպքում՝ իրենք իրենց գնահատականը կտան նաև օրենքով սահմանված կարգով՝ դիմելով դատարան։ Նա նաև չբացառեց, որ իրենք կդիմեն միջազգային ատյաններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս