Էլեկտրական հեծանիվը՝ ապագայի լավագույն էլեկտրատրանսպորտ
Երևանում հանգստյան օրերին կայացավ ԲարՔեմփ (չ)կոնֆերանսը: Այս տարի (չ)կոնֆերանսին ելույթներ ունեցան նաև մի շարք արտասահմանցի ներկայացուցիչներ: Այդ ներկայացուցիչներից մեկն էր Delfast ընկերության գործադիր տնօրեն Դանիել Տոնկոպիյը: Delfast-ն առաջարկում է առաքման ծառայություն` մեկ ժամվա ընթացքում: Առաքումը կատարվում է էլեկտրական հեծանիվների միջոցով: Ծառայությունը գործում է Կիևում:
Դանիել Տոնկոպիյը (չ)կոնֆերանսի ժամանակ խոսել է ապագայի էլեկտրատրանսպորտի մասին՝ նշելով, թե ինչպե՞ս և ե՞րբ էլեկտրատրանսպորտը հասանելի կլինի բոլորին:
Դանիել Տոնկոպիյը նշում է, որ ըստ հետազոտությունների՝ վերջին տարիներին 10 տոկոսով նվազել է սուպերմարկետների դրամարկղերի բաժնի վաճառքների տոկոսը: Ինչո՞ւ, քանի որ մարդիկ դրամարկղում կանգնած չեն նայում իրենց կողքերը, այլ նայում են սմարթֆոնի էկրանին: Փոփոխվել է նաև ռեստորաններում անցկացվող ժամանակը, քանի որ հիմա մարդիկ նախ՝ նկարում են սնունդը, հետո տեղադրում են նկարը սոցցանցերում, և ուտելուց բացի՝ ակտիվորեն պատասխանում են մեկնաբանություններին:
«Այժմ սպառողների պահանջները փոխվել են: Աշխարհը փոխվել է: Հիմա մարդկանց կյանքը կարելի է բաժանել երկու մասի՝ մինչև Google-ը և Google-ից հետո:Մարդիկ, ովքեր փոքր են 21 տարեկանից, ծնվել են թվային ժամանակաշրջանում: Նրանց կյանքն ամբողջությամբ տարբերվում է այն մարդկանց կյանքից, ովքեր ծնվել են մինչև Google-ը: Սա նշանակում է, որ վերջին 21 տարիներին կյանքը և սպառողների պահանջներն ամբողջությամբ փոխվել են»:
Դանիել Տոնկոպիյը նշում է, որ հիմա մարդկանց առաջնային պահանջներից մեկը Wi-Fi-ի առկայությունն է: Բանախոսի խոսքով՝ Հայաստանում մարդիկ ունեն 4G կապ, և նրանց կյանքն էլ ավելի հեշտ է:
Սպառողների պահանջների փոփոխության հետ մեկտեղ՝ խոշոր ընկերությունները փորձում են ներկայացնել այնպիսի արտադրանք, որը կբավարարի ներկայիս պահանջները: Սակայն նման արտադրանքը շատ հաճախ նաև լուրջ վնասներ է հասցնում մոլորակին: Օրինակ՝ լավագույն ամենագնացները ծախսում են հսկայական քանակությամբ բենզին:
Ամբողջ աշխարհում խոշոր քաղաքներում կա շատ կարևոր մի խնդիր՝ աղտոտված օդը: Սա նորություն չէ, սակայն լրջագույն խնդիր է:
Մարդկանց մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս լուծել այս խնդիրը, և ինչպե՞ս օդը դարձնել ավելի մաքուր: Ըստ Դանիել Տոնկոպիյի՝ էկոլոգիական այս խնդիրները կարող է լուծել էլեկտրատրանսպորտը, մասնավորապես՝ էլեկտրական հեծանիվները:
«Այն ամենը, ինչ տարիներ առաջ մենք համարում էինք ֆանտաստիկ ապագա, այժմ արդեն իրականություն է: Այժմ կյանքն ավելի ու ավելի է գնում դեպի ապագան:
Եթե հին ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմերում կարող էինք տեսնել ռոբոտ-տաքսու վարորդներ, ապա հիմա ամբողջ աշխարհում տարածվում են էլեկտրամոբիլներ՝ առանց վարորդների: Հիմա առաքում իրականացնող խոշոր ընկերություններն օգտագործում են էլեկտրական հեծանիվներ կամ էկոմեքենաներ: Բոլոր ընկերություններն են ցանկանում օտագործել էլեկտրական հեծանիվներ: էլեկտրական հեծանիվները հիմա մեծ և զարգացած երկրներում են, բայց շուտով դրանք կտարածվեն ամբողջ աշխարում: Ինչո՞ւ, որովհետև դրանք կարող են օգտագործել բոլորը՝ անկախ ֆիզիկական, տարիքային առանձնահատկություններից: Էլեկտրական հեծանիվները կտարածվեն ամբողջ աշխարհում, քանի որ դրանք ֆանտաստիկ ֆիլմերում պատկերվածների նման շքեղ և անիրական չեն, դրանք շատ հասարակ են, փոքր և անաղմուկ»:
Բանախոսը բերում է իր հիմնադրած Delfast ընկերության օրինակը, որը երկար ժամանակ փնտրել է էլեկտրական հեծանիվի լավագույն տարբերակը և գտել այն: Արդյունքում, ընկերությունն առաջարկում է շատ արագ առաքում՝ առանց վնասելու շրջակա միջավայրը: Դանիել Տոնկոպիյի խոսքով՝ տարածման նման տեմպերով առաջիկա տարիներին էլեկտրական հեծանիվները հասանելի կլինեն բոլորին:
«Վերլուծաբանները նշում են, որ 30 տարուց աշխարհում կլինի 2 միլիարդ էլեկտրական հեծանիվ: Սա նշանակում է, որ ամեն 4-5-րդը կկարողանա վարել նմանատիպ հեծանիվներ: Եվ սա, իրոք, ապագայի տրանսպորտն է: Այն ավելի հարմար է, քան մեքենան, քան մոտոցիկլետները, քան սովորական հեծանիվները:
Էլեկտրական հեծանիվների օգտագործումը կօգնի խնայել 1 միլիարդ տոննայից ավելի բենզին: Ոչ թե լիտր, այլ տոննա: Պատկերացրեք, թե ինչպիսի օգուտ կլինի սա մեր մոլորակի համար, և որքան էկոլոգիական խնդիրներ կլուծվեն: Մենք վերջապես կկարողանանք շնչել մաքուր օդ»,- նշում է Դանիել Տոնկոպիյը:
Սիրարփի Աղաբաբյան