Բաժիններ՝

Արփինե Հովհաննիսյանը` շարժական տեսախցիկների և արագաչափերի մասին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հուսով է, որ այն քաղաքական ուժերը, որոնք ժամանակին դեմ են արտահայտվել շարժական տեսախցիկներով լուսա և տեսանկարահանմանը, հետևողական կլինեն իրենց դիրքորոշմանը և կպաշտպանեն շարժական տեսախցիկների և արագաչափերի վերաբերյալ նախագիծը խորհրդարանում։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հարգելի գործընկերներ,

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, որ պետք է ներկայացվի նոր նախագիծ, որով լուծվելու են տեսախցիկների և արագաչափերի հետ կապված հարցերը։ Իհարկե անհասկանալի է, թե ինչու այդ խնդիրների ու նախագծի մասին չբարձրաձաձայնվեց Կառավարության այսօրվա նիստում կամ եթե նույնաբովանդակ լուծումներ են տեսնում, ինչ մենք ենք առաջարկում, ինչ կարիք կա նոր նախագծի, կարելի էր ուղղակի առաջարկություն ներկայացնել։

Ամեն դեպքում մինչև նոր նախագծի ներկայացումը մեր կողմից ներկայացված նախագիծը, որը շրջանառության մեջ է, կքննարկվի խորհրդարանում և հուսով եմ, որ այն քաղաքական ուժերը, որոնք նախկինում հենց այս գաղափարն են ունեցել և ժամանակին դեմ արտահայտվել շարժական տեսախցիկներով լուսա և տեսանկարահանմանը, հետևողական կլինեն իրենց դիրքորոշմանը և կպաշտպանեն մեր նախագիծը խորհրդարանում։

Նախագծի վերաբերյալ Կառավարության բացասական եզրակացության և առաջարկությունների հետ կապված մի քանի հակափաստարկներ.

Կառավարության եզրակացության մեջ նշվում է, որ այս հարցում օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն չկա և փոխարենը առաջ է քաշում նախագծով մեր բարձրացված խնդիրների «լուծումներ», որոնք ավելի շատ հարցեր են առաջացնում, քան տալիս են պատասխաններ։

Կառավարությունը առաջարկում է այն լուծումը, որ ՃՈ տարբերանշաններով մեքենաների վրա տեսանելի վայրում փակցվի իրականացվող տեսանկարահանման մասին նախազգուշացնող տարբերանշաններ, իսկ առանց որևէ տարբերանշանով մեքենաներով ծառայությունն իրականացվելու է բացառապես այն ճանապարհներին, որտեղ տեղակայված են նախազգուշացնող ցուցանակներ։

Հիմա այս պարագայում առաջանում են հետևյալ հարցերը.

1. Որքա՞ն տարածության վրա է դրվելու նախազգուշացնող ցուցանակը, երբ ծառայությունը իրականացվելու է ՃՈ տարբերանշան չունեցող մեքենաներով.
2. Արդյոք այդ նախազգուշացնող ցուցանակը դրվելու է կոնկրետ վայրու՞մ, թե յուրաքանչյուր կիլոմետրի՞ն։ Այլապես կարելի է «Հայաստանի Հանրապետության տարածքը տեսահսկվում է» մեկ միասնական ցուցանակ փակցնել։ Եթե չկան հստակ չափանիշները, ապա տեսա կամ լուսնակարահանումը դառնում է յուրաքանչյուր անգամ շատ վիճահարույց, իսկ եթե ուղղակի մոտեցումը այն է, որ մեքենաները պետք է մշտապես որևէ տեղ տեղակայված լինեն, ապա դրանք արդեն կսկսեն անել նույն անշարժ արագաչափերի ֆունկցիան։

3. ՃՈ տարբերանշաններով մեքենաների դեպքում վարորդը քանի՞ մետրի դեպքում է համարվելու նախազգուշացված։
4. Եթե վարորդը չի նկատում ոչ ավտոմեքենան, ոչ էլ նախազգուշացումը, արդյո՞ք կհամարվի պատշաճ ծանուցված, թե ոչ։
5. Եվ վերջապես ամենակարևոր հարցը. ՀՀ ոստիկանապետ պարոն Վալերիյ Օսիպյանի կողմից իմ հարցմանն ի պատասխան, նշվել է, որ 2017 թվականի հունվարի 1-ից մինչ 2018 թվականի ապրիլի 30-ը շարժական արագաչափերով արձանագրվել է թվով 309613 սահմանված առավելագույն արագության գերազանցման փաստ առանց օրենքով նախատեսված նախազգուշացումն ապահովելու. Արդյո՞ք այս գործերով տուգանքներ կիրառվել են, թե ոչ. Եթե այո, ապա ինչքան գումարի չափով և արդյո՞ք նոր Կառավարությունը այս գործերով հարուցված վարույթները կկարճի, իսկ նշանակված տուգանքները կչեղարկի (Կառավարության կողմից հայտարարված համաներումը վերաբերում է մինչև 2017 թվականը ներառյալ նշանակված տուգանքներին)»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս