«Հաջողության հասնելու ճանապարհը դժվար է լինելու, բայց մենք այն միասին ենք անցնելու». Ավինյան
«Մենք պետք է կառուցենք խթանող քաղաքականություն»,- այս մասին այսօր Հայաստանի տնտեսական մարտահրավերների հաղթահարմանն ուղղված կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Փոխվարչապետ Ավինյանն ասաց, որ հիմնական խնդիրները քաղաքական ինստիտուտների ներսում են: Նրա խոսքով, ամենաառաջին հենասյունն ազատ և ժողովրդավարական ընտրություններն են, որը մենք չենք ունեցել երկար ժամանակ:
«Սա այն հիմքն է, որից պետք է սկսել կառուցել: Բնականաբար, հետո գալիս է ազատ դատական համակարգը, որից հետո՝ սեփականության իրավունքները, նորարարությունները, և այսպես շարունակ: Բայց ժողովրդավարական ընտրություններն ամենակարևոր հենասյունն են, որին մենք ուզում ենք հասնել: Մենք չենք ունեցել մաքուր, պարզ ընտրություններ՝ 1991 թվականից սկսած, և մենք ցանկանում ենք ունենալ մեկը՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում»,- ասաց Ավինյանը:
Նա նշեց, որ բոլորը պետք է ապագայի հարցում հավատ ունենան:
«Հիմնականում մարդիկ հավատում են դրամին, ԿԲ-ն ունի գործիքներ՝ ազդելու տնտեսության վրա, ազդելու գների վրա, եթե մարդիկ հավատան մեր ապագային, ապա մենք կունենանք տեսլական, և մարդիկ ցանկանում են երկարաժամկետ ներդրումներ կատարել Հայաստանում: Չկա մեկ պարզ պատասխան, ես հավատում եմ, որ մենք պետք է կառուցենք խթանող քաղաքականություն՝ ստեղծելով հնարավորություններ և սահմանափակումներ, փորձելով գտնել ճիշտ հավասարակշռությունը: Հաջողության հասնելու ճանապարհը դժվար է լինելու: Բայց ես հավատում եմ, որ մենք այն միասին ենք անցնելու»,- ասաց Տիգրան Ավինյանը: