Արման Մկրտումյանին փոխարինում է Երվանդ Խունդկարյանը
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ լինելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է Վճռաբեկ դատարանի պալատի այն նախագահը, որը Վճռաբեկ դատարանում ունի դատավորի առավել երկար փորձառություն: Փորձառության հավասար ժամկետի դեպքում նախապատվությունը տրվում է պալատի տարիքով ավագ նախագահին:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 7-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի լիազորությունները համարվել են դադարած՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերոգրյալ իրավակարգավորումների ուժով Վճռաբեկ դատարանի նախագահին փոխարինում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը: