Բաժիններ՝

«Մոռացում չկա». ջազմենները պատմում են Չիկոյի ու նրա գրքի մասին

Հայտնի ջազմեն, թմբկահար Արմեն Թութունջյանի (Չիկո) և իր արդեն հայերեն լույս տեսած «Ջազը Հայաստանում» գրքի մասին երաժիշտ ընկերները շատ մեծ ոգևորությամբ են խոսում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում երգիչ Արթուր Իսպիրյանն ու կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը իրենց հուշերն ու կարծիքները ներկայացրին Չիկոյի մասին:

Իսպիրյանը նկատեց, որ Չիկոն գիրքը գրելիս ոչ մի բան բաց չի թողել և ուշադիր էր ամեն մանրուքին:

«Իր կյանքի ընթացքում ոչ միայն այդ գրքով, այլև իր հաղորդումներով, բազմաթիվ երիտասարդների է դաստիարակել: Ուրախ եմ, որ նրա ցանկությունը կատարվեց, և ռուսերեն տարբերակից հետո գրքի հայերեն տարբերակը նույնպես լույս տեսավ, հույս ունեմ, որ անգլերեն էլ շուտով կթարգմանվի, քանի որ ավելի լայն հանրության համար դա էլ է կարևոր»,- նշեց երգիչ Արթուր Իսպիրյանը:

Նա ընդգծեց Չիկոյի վառ անհատականությունը, հումորն ու այն, որ նա շատ մեծ ներդրում է ունեցել հայկական ջազի պատմության մեջ: Իսպիրյանը ցավով նշեց, որ Արմեն Թութունջյանն այդպես էլ իր գրքի համար մրցանակի չարժանացավ, քանի որ ոչ ոք չանդրադարձավ հայկական ջազին:

«Մենք գրեթե ամեն օր հանդիպում էինք Կասկադի հարևանությամբ մի սրճարանում և նախաճաշում էինք միասին ու երկար զրուցում իր գրքի վերաբերյալ: Երբ մեր Չիկոն սկսել էր գրել գիրքը, ես էլ այդ ժամանակ ռադիոյի արխիվում էի աշխատում ու միշտ միմյանց հետ կապի մեջ էինք: Զանգում էի իրեն և ասում, թե այսինչ բանն եմ գտել, կամ ինքն էր ինձ ասում, որպեսզի իր ուզածը փնտրեմ արխիվում, միշտ կապը կար այդ ընթացքում»,- վերհիշեց Իսպիրյանը:

Վերջին համերգին Արմեն Թութունջյանն ու Արթուր Իսպիրյանը միասին են ելույթ ունեցել՝ մեկ տարի առաջ՝ Արմենի մահից ընդամենը մեկ օր առաջ:

«Վերջին երգը, որ միասին երգեցինք՝ Ալեքսանդր Աճեմյանի «Մոռացում չկա» ստեղծագործությունն էր: Չիկոն էլ շատ ուրախացել էր, որ հիշել էինք այդ երգը ու միասին կատարեցինք»,- հուզմունքով նշեց Արթուր Իսպիրյանը:

Հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանն էլ իր հերթին նշեց, որ Չիկոն ջազի այն միակ մասնագետներից էր, ով կարողացավ գրել այդ գիրքը:

«Մենք իր հետ շատ հին ժամանակներից ենք այդ ճանապարհով քայլել՝ դեռ 1965 թվականից: Միասին ջազ քառյակում ենք նվագել, այն ժամանակ միասին մասնակցել ենք համամիութենական ջազ-փառատոնի ու գրան պրիի ենք արժանացել: Այն ժամանակվանից Արմեն Թութունջյանն աչքի էր ընկում իր բծախնդրությամբ և հավաք բնավորությամբ»,- շեշտեց Երզնկյանը:

Նա նկատեց, որ Չիկոն բոլորից լավ գիտեր բոլոր ջազմեններին: Երզնկյանն ընդգծեց, որ «Ջազը Հայաստանում» գիրքը գրելու ժամանակ Մարտին Վարդազարյանը, Արմեն Հյուսնունցը և հենց ինքը Արմեն Թութունջյանի խորհրդատուներն են եղել:

«Շատ ուրախ եմ, որ տղան՝ Հայկ Թութունջյանը կարողացավ հրատարակել գրքի հայերեն տարբերակը, որ իր հայրը չհասցրեց անել»,- եզրափակեց կոմպոզիտորը:

Լիլիթ Դեմուրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս