Գվատեմալայում աճում է Ֆուեգո հրաբխի ժայթքման զոհերի թիվը. Reuters
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի՝ հունիսի 3-ին սկսված ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 109-ի: Այդ մասինհունիսի 8-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներին: Ավելի վաղ հաղորդվել էր 99 զոհվածների մասին: Տարերքի հարվածի հետեւանքներն իրենց վրա զգացել են ավելի քան 1,7 մլն բնակիչներ:
Մինչդեռ Ֆուեգո հրաբխի լանջերով լավայի առատ հոսքը հարկադրել է դադարեցնել փրկարարական աշխատանքները ժայթքումից տուժած բնակավայրերում: Ինչպես ասված է Սեյսմոլոգիայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի հաղորդագրության մեջ, 30 – 40 մետր լայնությամբ եւ 4-ից մինչեւ 5 մետր բարձրությամբ լավայի հոսքը հոսում է հրաբխի լանջի արեւմտյան կողմից:
Էսկուինտլայի, Չիմալտենանգոյի եւ Սեկատեպեկեսի դեպարտամենտների տարածքում, որոնք առավել շատ են տուժել տարերքի հարվածից, որոնողական աշխատանքները դեռեւս ավարտված չեն, մինչ օրս անհայտ կորած է համարվում 197 մարդ: Առայժմ տարերքից տուժած շրջաններից տարահանվել է ավելի քան 12,2 հազար մարդ, որոնցից 3,6 հազարը տեղավորված են ժամանակավոր հանրակացարաններում:
Ֆուեգոն, որի բարձրությունը 3,7 կիլոմետր է, երկրի տարածքի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է: Այն գտնվում է Գվատեմալայի մայրաքաղաքից 40 կմ հարավ-արեւմուտք ընկած շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP