Բաժիններ՝

Արցախի Ազգային ժողովը հաստատել է հունիսի 1-ի դեպքերի Քննիչ հանձնաժողովի կազմը

Արցախի ԱԺ նախագահի որոշմամբ և պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանը հունիսի 4-ին գումարել է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի օրակարգով՝ «ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի մասին» և «2018 թվականի հունիսի 1-ին ք. Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված իրավիճակի մասնին քննարկումներ» հարցերով:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, շնորհակալություն հայտնելով պատգամավորներ Հայկ Խանումյանին, Դավիթ Մելքումյանին, Լեռնիկ Հովհաննիսյանին, Ռուդիկ Հյուսնունցին և Էդուարդ Աղաբեկյանին՝ հունիսի 1-ի դեպքերերից հետո գործադրած ջանքերի և պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության համար ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ այս օրերին խորհրդարանականները ներգարավված են եղել խնդրի կարգավորման և համերաշխության մթնոլորտի վերականգնման քայլերին՝ ինչպես հավաքների մասնակիցների հետ հանդիպումներին, այնպես էլ Հանրապետության նախագահի մոտ բազմաթիվ խորհրդակցություններին, քննարկումներին մասնակցելու կտրվածքով:

«Հասարակությանը մտահոգող հարցերի քննարկման նպատակով անհրաժեշտ հարթակ ապահովելու համար խորհրդարանում պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 2-ին իրավունքի ուժով ստեղծվել է Քննիչ հանձնաժողով, որն ուսումնասելու է վերջին օրերին հանրային հնչեղություն ստացած հարցերը»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Այս հարցով ծավալված քննարկումներից հետո, ԱՀ Սահմանադրության 121-րդ հոդվածի երկրորդ մասի պահանջի համաձայն՝ 29 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է ԱԺ որոշման նախագծը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը խմբակցությունների հետևյալ համամասնությամբ սահմանելու վերաբերյալ՝ «Հայրենիք» խմբակցություն` երկու, «Դաշնակցություն», «ժողովրդավարություն», «Շարժում-88», «Վերածնունդ» խմբակցություններ` մեկական պատգամավոր:

ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է քննիչ հանձնաժողովի հետևյալ կազմը՝

Էդուարդ Աղաբեկյան՝ հանձնաժողովի նախագահ, «Շարժում-88»խմբակցություն

Ռամելա Դադայան՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ «Հայրենիք»

Արամ Գրիգորյան «Հայրենիք»

Ալյոշա Գաբրիելյան «Դաշնակցություն»

Դավիթ Մելքումյան «Ժողովրդավարություն»

Հայկ Խանումյան «Վերածնունդ»:

Օրակարգային երկրորդ հարցի շուրջ ելույթ են ունեցել պատգամավորներ՝ Ռուսլան Իսրայելյանը, Ռամելա Դադայանը, Վարդգես Բաղրյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Էդուարդ Աղաբեկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, Գագիկ Բաղունցը, Ալյոշա Գաբրիելյանը, Դավիթ Մելքումյանը, Արսեն Առստամյանը, Գեորգի Պետրոսյանը, Ռուդիկ Հյուսնունցը և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս