Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան դառնում է Եվրոպայի «կոկաինի մայրաքաղաքը». ՆԳՆ

Մեծ Բրիտանիան արագորեն դառնում է Եվրոպայում կոկաինի հիմնական սպառողներից մեկը: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարի՝ անվտանգության հարցերով տեղակալ Բեն Ուոլեսը, տեղեկացնում է BBC-ին:

Նրա կարծիքով՝ հաղորդակցական տեխնոլոգիաները բազմաթիվ նոր հնարավորություններ են բացել թմրանյութերի առեւտրականների համար. նրանք ստացել են շփման անվտանգ միջավայր եւ կարող են, ինչպես երբեք, արագորեն կապեր հաստատել: Ծածկագրման տեխնոլոգիաների տարածումը թմրանյութերի առեւտրականներին թույլ է տալիս ձերբազատվել դեպի գնորդ տանող ճանապարհի միջանկյալ փուլերից:

«Այսօր երիտասարդները կարող են թմրանյութեր պատվիրել, իսկ ալբանական, սերբական կամ նույնիսկ տեղական բանդաները հնարավորություն ունեն մեծ քանակությամբ թմրանյութեր հասցնել հենց տներ»,-ասում է փոխնախարարը:

«Միաժամանակ Մեծ Բրիտանիան արագորեն դառնում է Եվրոպայում կոկաինի խոշորագույն սպառողը, այսինքն՝ սպառողների կողմից գոյություն ունի բարձր պահանջարկ»,-հավելել է քաղաքական գործիչը: Մեծ Բրիտանիայում իրոք քիչ չէ կոկաինի օգտագործումը:

Ինչպես ասված է Թմրանյութերի եւ թմրակախվածության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի անցյալ տարվա ուսումնասիրության մեջ, անգլիական Բրիստոլը Եվրոպայում վեցերորդ տեղն է գրավում թմրանյութի օգտագործման ցուցանիշով. այս քաղաքում ամեն օր հազար մարդու հաշվով օգտագործվում է 754,7 միլիգրամ կոկաին: Լոնդոնը կայուն կերպով տեղ Է զբաղեցնում եվրոպական այն քաղաքների քառյակում, որոնք կոկաինի առավել բարձր սպառում ունեն, հատկապես հանգստյան օրերին:

Հակավարկանիշի առաջին տեղում Բարսելոնան է. վերին հինգ հորիզոնականներից երեքն զբաղեցնում են Շվեյցարիայի քաղաքները: ՄԱԿ-ի՝ թմրանյութերի եւ հանցավորության հարցերով զբաղվող վարչության վիճակագրության համաձայն, Անգլիայի եւ Ուելսի չափահաս բնակչության մոտավորապես 2,25 տոկոսը կոկաին է օգտագործում: Շոտլանդիայում այս թիվը փոքր-ինչ բարձր է՝ 2,5 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս