«Եթե վաղն աշխատանքի գալը ոմանց համար ծանր բեռ է, մեր կարծիքով՝ դա մեր պարտականությունն է». Թեժ բանավեճ ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը հատուկ ընթացակարգով ընդունելու հարցի քվեարկության ժամանակ բանավեճ տեղի ունեցավ: Նշենք, որ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովն առաջարկել է նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել 24-ժամյա ընթացքում:

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց այսօր կազմակերպել հարցի քվեարկությունը, եթե առաջարկներ չլինեն խմբակցությունների կողմից, որպեսզի վաղը միայն այդ քվեարկության համար չգան ԱԺ:

«Ինձ համառորեն շարունակում է թվալ, որ մեր աշխատանքի վայրը ԱԺ-ն, և ինձ թվում է՝ ես չեմ սխալվում: Եթե վաղն աշխատանքի գալը ոմանց համար ծանր բեռ է, մեր կարծիքով՝ դա մեր պարտականությունն է, և որևէ հրատապություն մենք չենք տեսնում՝ այսօր կազմակերպել քվեարկությունը»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ես խնդրում եմ՝ ով ուշ է ընկալում, ուշադիր եղեք, որ ընկալեք իմ ասածը, այսպես թե այնպես մենք այդ օրենքը քննարկում և ավարտում ենք այսօր: Հիմա եթե ուզում եք՝ վաղը քվեարկենք կամ երկուշաբթի, թող այդպես լինի»,- արձագանքեց Վ. Բաղդասարյանը:

Կարդացեք նաև

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ հորդորեց կրքեր չբորբոքել ու ճիշտ մոտնենալ առաջարկին. «Առաջարկը հետևյալն է՝ եթե քվեարկությունից հետո առաջիկա երեք ժամվա ընթացքում չլինեն նոր առաջարկներ, ապա նախագիծը ավտոմատ կերպով պատրաստ կլինի, որ մենք երկրորդ քննարկումն իրականացնենք, երկրորդ քննարկումը ոչինչ չի փոխելու, ու մնում է միայն քվեարկությունը: Առաջարկը շատ տրամաբանական է, մի նեղվեք, եթե համաձայն չեք, վաղը կարող ենք քվեարկել»:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ անդրադարձավ Վ. Բաղդասարյանի մեկնաբանությանը՝ նշելով, որ պետք է հարգել միմյանց. «Ո՞վ իրավունք ունի մեկին ասել՝ դու ընկալում ես, թե՞ չես ընկալում»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ կարիք չկա «փոքր բանից մեծ բան սարքել». «Սա զուտ տեխնիկական խնդիր է: Խմբակցություններով որոշեք, կասեք՝ կքննարկենք»:

Ա. Բաբլոյանն առաջարկեց 13:30-ի ընդմիջման ընթացքում խմբակցություններն իրար մեջ քննարկեն այս հարցը և որոշում կայացնեն: ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ նշեց, որ այս նախագիծը հրատապ է, քանի որ այն թույլ կտա, որ օր առաջ երկրի դատապարտյալները կարողանան պայմանակետ վաղակետ ազատվեն:

Տեսանյութեր

Լրահոս