Իրանն ԱՄՆ-ին դատով է սպառնացել Փոմպեոյի հայտարարությունների պատճառով
Իրանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Միացյալ Նահանգներին սպառնացել է «դատական հետապնդմամբ» ի պատասխան Իրանի վրա ճնշումը շարունակելու եւ հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի վերջերս արած հայտարարությունների:
Մայիսի 21-ին ավելի վաղ Փոմպեոն ելույթ է ունեցել ծրագրային ճառով՝ շարադրելով Իրանի նկատմամբ 12 պահանջներից բաղկացած ցուցակ՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնություններից Վաշինգտոնի միակողմանի դուրս գալուց հետո: «Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի պետքարտուղարի լպիրշ հայտարարությունները դիտարկում է որպես ակնհայտ միջամտություն Իրանի ներքին գործերին եւ անօրինական սպառնալիք ՄԱԿ-ի անդամ պետության դեմ, եւ իրեն դատական հետապնդման իրավունք է վերապահում»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ «ԱՄՆ-ի կառավարությունը պատասխանատվություն կկրի իրանական ազգի դեմ ցանկացած բռնաճնշումների, ապօրինի եւ բռնի գործողությունների համար»: Փոմպեոն իր ճառում, բացի միջուկային չտարածման պահանջներից, Իրանից պահանջել է տարածաշրջանում ամբողջ քաղաքականության փոփոխում:
Մասնավորապես, ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տրամադրի իր օբյեկտներ մուտք գործելու աննախադեպ թույլտվություն, դադարեցնի բալիստիկ հրթիռների մշակումը եւ վերջ դնի Մերձավոր Արեւելքում ահաբեկչական խմբավորումներին, ներառյալ «Հըզբոլլահ»-ին եւ ՀԱՄԱՍ-ին օժանդակելուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: