Գագիկ Հարությունյանը հանդիպել է Վճռաբեկ դատարանի դատավորների հետ
Մայիսի 15-ին Բարձրագոււյն դատական խորհրդի անդամները հանդիպում ունեցան Վճռաբեկ դատարանի քրեական և քաղաքացիական ու վարչական պալատների դատավորների հետ:
Օրերս Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում հատուկ ուսումնասիրություն է հրապարակվել Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, արհեստավարժության և հաշվետվողականության ամրապնդման առնչությամբ:
Հանդիպման ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը, ընդհանուր գծերով ներկայացնելով վերլուծության արդյունքները, հատուկ կանգ առավ տարբեր աստիճանի դատարաններում դատարանի անկախության, անկողմնակալության, խելամիտ ժամկետներում գործի քննության, արդարադատության իրականացման հանդեպ վստահության և մի շարք այլ մտահոգիչ հարցերի վրա, որոնք բոլոր դատարանների առնչությամբ արտացոլված են հիշյալ զեկույցի մեջ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շատ կարևոր համարեց դատավորների մոտ մտայնության փոփոխությունը, բացառապես օրենքի հիման վրա ու իր համոզմունքներից ելնելով դատական ակտի կայացումը, արդարադատական գործընթացի վրա որևէ ներազդեցության բացառումը:
Դատավորներին պարզաբանվեց Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի ապրիլի 12-ի` «Դատարանների կամ դատավորի անկախությունը վտանգող հնարավոր դրսևորումները կանխելու մասին» որոշման կարևորությունը:
Հանդիպմանը ելույթ ունեցան նաև ծրագրի պատասխանատու Նարինե Գասպարյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գևորգ Դանիելյանը, Սերգեյ Մեղրյանը և Հայկ Հովհաննիսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, նույն պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը, նույն պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:
Հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, դիմելով ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներին, հատուկ ընդգծեց, որ Վճռաբեկ դատարանի՝ իր երկու բացառիկ կարևոր առաքելությունների լիարժեք իրականացումը, այն է՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառումը, վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները, և սրանց հիման վրա նախադեպերի ստեղծումը պետք է կարողանա կողմնորոշիչ դեր ունենալ ամբողջ համակարգի համար:
Հանդիպման մասնակիցները կարևորեցին նաև նման քննարկումների կազմակերպումը տարբեր այլ ատյանների դատարանների դատավորների հետ: