Բաժիններ՝

Աերոբուսի մեծությամբ աստղակերպ է անցել Երկրից 203,4 հազար կիլոմետր հեռավորությամբ

Աերոբուսի մեծությամբ աստղակերպը մայիսի 15-ին սրընթաց անցել է Երկրից համեմատաբար մոտ հեռավորության վրա՝ չստեղծելով նրա հետ բախման սպառնալիքներ: Այս մասին հայտնել են Քեմբրիջի Սմիթսոնյան աստղաֆիզիկական դիտարանին (Մասաչուսեթսի նահանգ) կից Փոքր մոլորակների կենտրոնի հետազոտողները:

Ինչպես նշված է Փոքր մոլորակների կենտրոնի կայքում, աստղակերպը, որն ստացել է 2010 WC9 անվանումը, 203,4 հազար կիլոմետրով Երկրին է մոտեցել ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 18:05-ին (Երեւանի ժամանակով մայիսի 16-ի 02:05-ին)՝ անցնելով մեր մոլորակի եւ Լուսնի միջեւ, որը պտտվում է 384 հազար կիլոմետր հեռավորության վրա:

Այն ունի 36-ից մինչեւ 119 մետր տրամագիծ, սլանում է վայրկյանում մոտավորապես 13 կիլոմետր արագությամբ եւ Արեգակի շուրջը մեկ պտույտ է կատարում 1,12 երկրային տարում: Առաջին անգամ 2010 WC9-ը նկատել են 2010 թվականի նոյեմբերի 30-ին Արիզոնայում Կատալինյան երկնային տեսածիրի միջոցով:

Աստղագետներին հաջողվել է տիեզերական օբյեկտը դիտարկել սոսկ մինչեւ դեկտեմբերի մեկը, ինչից հետո այն կորել է տեսադաշտից: Գրեթե ութ տարի անց Միացյալ Նահանգների աստղադիտարանի աշխատակիցներին վերստին հաջողվել է գրանցել 2010 WC9-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս