Ողբերգական վթար Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. փրկարարները դին դուրս են բերել
Մայիսի 15-ին՝ ժամը 16:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1985թ.) և «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը Ս. Ս., ծնված 1986թ.) բենզատար (տեղափոխում էր դիզելային վառելիք) ավտոմեքենաները. առկա է վառելիքի արտահոսք, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ք. Մ.-ը (1958թ.) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ա.-ը հոսպիտալացվել է Վայքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները Ք. Մ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Փրկարարների օգնությամբ դիզելային վառելիքը տեղափոխվել է այլ ավտոմեքենա: