Ովքե՞ր կարող են ազատ արձակվել առաջիկայում
«Հեղափոխական ալիքի վրա ձևավորված իշխանությունը պետք է ունենա կառավարություն, որն իրենից քաղաքական համակիրներ թիմ պետք է ներկայացնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:
Ըստ նրա՝ նոր թիմը պետք է լինի համակիրների թիմ, մարդիկ, ովքեր նույն կերպ են մտածում ու մտահոգ են միևնույն խնդիրերով. «Նախորդ թիմերը, որ մենք ունեցել ենք, շատ լուրջ պրոֆեսիոնալներ են աշխատել այդ թիմերում, սակայն չի եղել մի իրավիճակ, որը քաղաքական համակիրների թիմ էր, որն իր առջև դրված խնդիրները լուծում էր թիմային սկզբունքով: Նաև այն կառավարության մասին է խոսքս, որտեղ ես եղել եմ կաբինետի անդամ, սրանք ավելի շատ պրոֆեսիոնալների կաբինետներ էին, որտեղ յուրաքանչյուր նախարար զգում էր պատասխանատվություն միայն իր ոլորտի համար: Սակայն կաբինետի յուրաքանչյուր անդամ պետք է պատասխանատվություն զգա ոչ միայն իր ոլորտի համար, այլև՝ կառավարության ամբողջ դաշտի: Հույս ունեմ, որ կունենանք կառավարություն, որտեղ թիմային սկզբունքով են աշխատելու»:
168.am-ը Հ. Մանուկյանից հետաքրքրվեց, թե առաջիկայում ովքե՞ր կարող են ազատ արձակվել՝ հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև քաղբանտարկյալներին ազատ արձակելու խնդրի մասին: Ի պատասխան՝ Հ. Մանուկյանն ասաց.
«Մենք պետք է այս պրոցեսներին իրավական շապիկ հագցնենք, որովհետև առանց իրավական ձևակերպումների, ընթացակարգերի՝ դա ինքնիրավչություն կլինի, և ցանկացած այլ իշխանություն կարող է ինքը որոշում կայացնել՝ տվյալ անձը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ:
Իրականում քաղբանտարկյալի ձևակերպման երկու ցուցիչ կա՝ երբ անձը չի կատարել քրեական օրենքով պատժելի արարք, և իրականում քրեական հետապնդումը քաղաքական հայացքների համար է: Երկրորդ՝ երբ անձը կատարել է քրեական արարք, բայց քրեական հետապնդումը շատ ավելի խիստ է լինում քրեական հանցակազմի տեսակով՝ քան այն արարքը, որն անձը կատարել է: Այս մոտեցումը պիտի հաշվի առնվի: Պիտի մենք հասկանանք, որ, եթե, այնուամենայնիվ, նման իրավական սխալներ, միգուցե հատուկ դիտավորյալ գործընթացներ տեղի են ունեցել, ապա դրա իրավական գնահատականը պետք է մենք այսօր տանք գործող օրենքների շրջանակներում, ու այստեղ գործ ունի ոչ միայն՝ պետությունը, այլև՝ փաստաբանությունը: Եթե այդ խնդիրը լուծվելու է, դա պետք է լինի իրավական հանգուցալուծմամբ՝ կլինի դա համաներում, ներում, այնուամենայնիվ մենք այդ իրավական ընթացակարգը պետք է անցնենք»:
Հ. Մանուկյանը գտնում է՝ այս քննարկումները պետք է կատարվեն հանրության մասնակցությամբ: Ըստ նրա՝ պետք է կազմակերպվեն հանրային քննարկումներ այս թեմաներով:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: