Բաժիններ՝

Թուրքիայի քեմալական կուսակցության նախագահի թեկնածուն այցելել է կալանավորված թեկնածու Դեմիրթաշին

Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նախագահի առաջիկա ընտրություններում թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն այցելել է բանտում գտնվող մեկ այլ թեկնածուի՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշին: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Այցելությունից հետո փաստաբանների միջոցով հայտարարություն տարածած Դեմիրթաշը շնորհակալություն է հայտնել Ինջեին՝ նշելով, որ երկար ժամանակ Թուրքիայում ամեն ոլորտում առկա անարդարությունը նախընտրական շրջանում ևս շարունակվում է:

Քրդամետ կուսակցության թեկնածուն, ով 2016 թվականի նոյեմբերից բանտում է, շեշտել է, որ իրեն ու մյուս կալանավորված քաղաքական գործիչներին բանտում գերի են պահում՝ հավելելով. «Դժբախտաբար, ազատությունն էլ կիսաբաց ռեժիմի բանտից շատ տարբեր չէ»:

«Հույս ունեմ և ցանկանում եմ, որ ի հեճուկս այս անարդար մրցակցության՝ ընտրությունները երկրում ժողովրդավարության, ազատությունների և խաղաղության սկիզբ դառնան»,- նշել է Դեմիրթաշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս