Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքին հասարակ հյուրերին որոշել են չկերակրել
Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլն իրենց հարսանիքին կանչել են 1,2 հազար հասարակ մարդկանց, սակայն նրանց խորհուրդ են տվել իրենց հետ ուտելիք վերցնել:
Այդ մասին հայտնել է The Guardian հրատարակությունը: Ոչ արտոնյալ հյուրերին Մեծ Բրիտանիայի բոլոր անկյուններից ընտրել են ինը լորդ-փոխարքաներ: Հաղորդվում է, որ զույգը խնդրել է «ընտրել բնակչության տարբեր շերտերի եւ տարբեր տարիքի մարդկանց, որոնք դրսեւորել են առաջնորդի որակներ եւ ծառայել իրենց կոմսություններին»:
Հրավիրվածները չեն կարող Վինձորի դղյակի Սբ.Գեորգիի մատուռում ներկա լինել ամուսնական բուն արարողությանը, բայց կկարողանան տեսնել, թե ինչպես է կառքը մտնում դղյակ եւ դուրս գալիս այնտեղից: Ուղեկցող նամակում հյուրերին նախազգուշացրել են, որ արարողությունը կտեւի շուրջ չորս ժամ, եւ խորհուրդ են տվել իրենց հետ վերցնել ուտելիք եւ ըմպելիք, քանի որ հնարավոր չի լինի դրանք գնել տեղում: Նման որոշումը հարուցել է հրավիրվածների խիստ քննադատությունը:
«Եթե ես ուշաթափվեմ, ապա դա հիացմունքի պատճառով չի լինելու»,- ստեղծված իրադրությունը հեգնանքով մեկնաբանում է Քովենթրիից բարեգործական կազմակերպության ղեկավար Ռաշիդ Բհեյթը:
Այդուամենայնիվ, The Independent հրատարակության տվյալներով, ավելի ուշ հրավիրվածներին եկել է մի նամակ, որում տեղեկացվել է, որ ուտելիքը եւ ըմպելիքը, այնուամենայնիվ, հասանելի կլինեն հասարակ մարդկանց, սակայն դրանց քանակությունը սահմանափակ է լինելու: Հարսանեկան արարողությունը կկայանա մայիսի 19-ին: Հանուն ամուսնության Մեգան Մարքլը հրաժարվել է դերասանի կարիերայից եւ պլանավորում է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ընդունել: